Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, հինգշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն, հայտնում է RIA Novosti-ն:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շտապ կարիք ունի դեէսկալացիայի և դիվանագիտական առաջընթացի` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- Twitter-ի իր էջում հայտնել է Վերշբոուն Բրյուսելում Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Թորոսյանի հետ հանդիպումից հետո:
Ավել վաղ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ հանդիպել է Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունը: Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունների իր տարբերակը: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության, պաշտպանական ոլորտում բարեփոխումների և այլ հարցեր։