Մեծ Բրիտանիայի խորհրդարանը չորեքշաբթի միաձայն որպես ցեղասպանություն է ճանաչել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործողությունները Սիրիայի եւ Իրաքի էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների հանդեպ, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Guardian-ին:
Պահպանողական կուսակցությունից պատգամավոր Ֆիոնա Բրյուսը, որը հանդես էր եկել տվյալ նախաձեռնությամբ, նշել է, որ Միջազգային քրեական դատարանն ի վիճակի չէ որոշում կայացնել ցեղասպանության սահմանման վերաբերյալ, եթե նրան չեն դիմում համապատասխան հարցումով: «Հենց այդ պատճառով տվյալ առաջարկին աջակցելն այդքան կարեւոր է: Ցեղասպանության ճանաչումն առանցքային քայլ է», - ասել է նա:
Guardian թերթը նշել է, որ տվյալ դեպքը «աննախադեպ է պատգամավորների շրջանում, որոնք միահամուռ կերպով ցեղասպանություն են անվանել ԻՊ-ի գործողությունները»: Համայնքների պալատը նաեւ կոչ է արել տվյալ հարցը քննել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում: