Այսօր՝ ապրիլի 22-ին, Երևանում ՀՀ արտգործնախարար էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով քառօրյա պատերազմի մասին, նշեց, որ ևս մեկ անգամ ցավակցում է զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին. «Վերջին դեպքերը ևս մեկ անգամ ցույց են տալիս այն, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական ճանապարհով լուծում և պետք է կարգավորվի բանակցային սեղանին»:
Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի միակողմանի հայտարարությանը, ապա Լավրովն ասաց, որ այն անընդունելի է, քանի որ ուղղված է ոչ թե խաղաղությանը, այլ՝ պատերազմին, դրանով կոչ է արվում հակամարտությունը կարգավորել ռազմական ճանապարհով, ինչը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին. «Սակայն մենք արդեն սովոր ենք թուրքական կողմից նման հայտարարություններ լսելուն»:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե հայկական կողմի հետ ունեցած բանակցությունների ընթացքում ի՞նչ կոնկրետ առաջարկներ են արվել հակամարտության կագավորմանն ուղղված՝ ՌԴ արտգործնախարարը նշեց, որ այս պահին խիստ կարևոր է հրադադարի ռեժիմի պահպանումը. «1994 թվականին ստորագրված հրադադարի ռեժիմն անժամկետ բնույթ է կրում: Վերջին տարիներին համաձայնեցվել են քայլեր, որոնք պետք է կյանքի կոչել: Խոսքը մասնավորապես վերաբերում է միջադեպերի ուսումնասիրությանը և այն միջոցներին, որոնք կօգնեն ավելացնել վստահության մթնոլորտը»,-ասաց նա՝ հավելելով, որ ԵԱՀԿ-ում մշակվել է ճանապարհային քարտեզ, թե ինչպես այդ ամենը պետք է իրականացնել: