«Մենք գիտենք, թե ազգային փոքրամասնությունների հետ կապված ինչպիսի վիճակ է տիրում Թուրքիայում և ինչ քաղաքականություն են թուրքական իշխանությունները վարում ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Ինչ վերաբերում է այս հարցում Ադրբեջանի վարած քաղաքականությանը, ապա այն կարծես թե կրկնօրինակում է թուրքական փորձը»,-այսօր՝ ապրիլի 22-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ քաղաքականություն են վարում Թուրքիան և Ադրբեջանը ազգային և կրոնական փորքամասնությունների նկատմամբ և հավելելով, որ այդ երկու երկրները լուրջ խնդիրներ ունեն վերոնշյալ հարցում:
Թուրքագետի խոսքերով, և Անկարան, և Բաքուն ազգային ու կրոնական փոքրամասնություններին ճնշելու և հալածելու քաղաքականություն են վարում, այսինքն որդեգրել են մեթոդներ՝ նպատակ ունենալով չեզոքացնել այդ փոքրամասնությունների դերակատարումը. «Չի կարելի բացառել նաև, որ այս հարցում որոշակի քաղաքական կոորդինացիա կա Թուրքիայի և Ադրբեջանի միջև»:
«Առհասարակ էթնիկ ժողովուրդների նկատմամբ վարվող ադրբեջանական և թուրքական քաղաքականությունները հասկանալու համար, պետք է վերլուծել այն, թե ինչպես սստեղծվեցին այդ պետությունները և այն թե ինչպես Թուրքիայում տեղի ունեցավ ազգաստեղծումը, որն Ադրբեջանում դեռ շարունակվում է: Թուրքիայում դրվեց թյուրքական գործոնի վրա միատարր ազգ ստեղծելու գործընթաց: Նույնն այսօր կատարվում է արդեն Ադրբեջանում, որտեղ փորձ է արվում «ադրբեջանցի» ազգ ստեղծել՝ օգտվելով թուրքական մոդելից:
Բացի դրանից, պետք է ասել, որ Թուրքիան և Ադրբեջանն այն երկրներից են, որտեղ իշխանությունները պարբերաբար վտանգ են տեսնում փոքրամասնութուններից, որոնք կարող են բացասաբար ազդել երկրի միասնականության վրա: Մենք տեսանք, որ Թուրքիայի պարագայում սա չեզոքացվեց հայերի և մյուս փոքրամասնությունների ցեղասպանությամբ, իսկ Ադրբեջանը նույն բանն անում է հիմա, սակայն ավելի լատենտ մակարդակում»,-ավելացրեց թուրքագետը: