Այսօր՝ ապրիլի 22-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Թուրքիայում և Ադրբեջանում տեղաբնիկ ժողովրդի նկատմամբ վարվող քաղաքականության մասին, արաբագետ Արմեն Պետրոսյանը նշեց, որ դրանք ոչնչով չեն տարբերվում միմյանցից, քանի որ Ադրբեջանը օգտագործում է հենց թուրքական փորձը: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե այս հարցում Ադրբեջանում ինչ զարգացումներ են սպասվում, Պետրոսյանն ասաց, որ դա հասկանալու համար բավական է ուսումնասիրել թուրքական փորձը, որն ավելի երկար պատմություն ունի. «Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանում շատ բան փակ է արտաքին աշխարհի համար, ակնհայտ երևում է, թե ինչ վիճակում են Ադրբեջանում բնակվող փորքամասնությունները. Ադրբեջանական իշխանությունները ճնշում են, հալածանքների ենթարկում, օգտագործում վերջիններիս հնարավորությունները և այլն: Եթե դուք համեմատություն անցկացնեք մեր թշնամական երկրում բնակվող ազգային և կրոնական փոքրամասնությունների թվի և քառօրյա պատերազմի ընթացքում այդ համայնքներից գրացված զոհերի թվերի միջև, ապա կհասկանաք, թե ինչի մասին եմ խոսում»,-ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ կրոնական և ազգային փոքրամասնություններն Ադրբեջանում առհասարակ ինքնադրսևորվելու շատ քիչ հնարավորություններ ունեն:
Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես է արաբական աշխարհը վերաբերվում Թուրքիայի վարած քաղաքականությանը՝ Պետրոսյանն ասաց, որ Թուրքիան գործող իշխանությունների վարած քաղաքականության պատճառով այսօր լուրջ հակասություններ ունի հատկապես հարևան արաբական երկրների հետ. «Բանն այն է, որ Անկարան ցանկանում է առաջնորդի դեր ստանձնել ամբողջ մուսուլմանական աշխարհում, ինչը չի կարող դուր գալ արաբական երկրներին: Իսկ եթե ինչ-որ դրական միտումներ են նկատվում, դրանք միայն թվացյալ են:
Սրան գումարվում է նաև այն, որ թուրքական իշխանություններն ուղղակի աջակցություն են ցուցաբերում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը և Եգիպտոսում գործող «Մուսուլման եղբայրներ» շարժմանը:
Իհարկե մենք չենք կարող հերքել, որ շիական աշխարհի առաջնորդ Իրանի նկատմամբ վարվող քաղաքականության հարցում ընդհանրություններ կան Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Քաթարի միջև, սակայն դա չի վերաբերում սունիական ճամբարում տիրող իրավիճակին, որտեղ ամեն ինչ այնքան էլ լավ չէ: Այսինքն, կարելի է փաստել, որ վերջին տարիներին Թուրքիան իր վարած քաղաքականությամբ թշնամական հարաբերություններ է ստեղծել գրեթե բոլոր արաբական երկրների հետ»:
Այն հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է արդյոք այդ հանգամանքն օգտագործել ի շահ հայկական հարցի՝ արաբագետն ասաց, որ ուղղակի աջակցության մասին դժվար է խոսել. «Ամեն դեպքում պետք է ասել, որ այս հարցում շատ բան կախված է Հայաստանի Հանրապետության և նշված երկրներում հայկական համայնքների ջանքերի մոբիլիզացումից, ինչի բացակայության դեպքում որևէ երկիր չի աշխատի այդ ուղղությամբ: Այլ բան է, որ որոշ երկրներ կարող են հայկական հարցն օգտագործել, որպես զենք, Թուրքիայի դեմ:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության և արաբական երկրների միջև գոյություն ունեցող տնտեսական, մշակութային կապերին, ապա այստեղ որոշակի առաջընթաց կա: Խոսքը հատկապես վերաբերում է այն երկրներին, որտեղ հայկական համայնքներ կան, որոնք էլ օղակի դեր են կատարում Հայաստանի և այդ երկրնեի միջև»:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու մինչև օրս դիվանագիտական հարաբերություններ չկան Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի միջև, Պետրոսյանն ասաց, որ այդ երկրի հետ հարաբերությունները համեմատության եզրեր չունեն մյուս արաբական երկրների հետ հարաբերությունների հետ. «Նախ ասեմ, որ այստեղ իշխող վարչակարգը և դրա կողմից իրականացվող քաղաքականությունը ինքնադրսևորվելու հնարավորություն չեն տալիս կրոնական, ազգային փոքրամասնություններին: Նույնը վերաբերում է նաև հայկական համայնքին, որի դերակատարութունը սահմանափակվում է ընդամենը տնտեսական գործունեությամբ: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու Հայաստանի Հանրապետությունը չի գնում Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններ ստեղծելուն, ապա ասեմ, որ հակառակ կողմից նման տրամադրվածություն չկա, իսկ եթե նույնիսկ նման հարաբերություններ հաստատվեն էլ, ամեն ինչ ձևական բնույթ է կրելու»:
Ըստ արաբագետի, պետք չէ աչք փակել նաև այն վերաբերմունքի վրա, որը կարող է ունենալ Իրանը Հայաստանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների մերձեցման նկատմամբ. «Այսօր այդ երկու երկրները վատ հարաբերություններ ունեն, իսկ Իրանը մեզ բարեկամ երկիր է, ուստի, կարծում եմ, կարիք չկա վտանգի տակ դնել Իրանի հետ մեր լավ հարաբերությունները հանուն Սաուդյան Արաբիայի հետ ձևական հարաբերությունների»: