Քաղաքական Միջազգային Հասարակություն 

Թուրքիան և Ադրբեջանը ցեղասպան պետություններ են. Քրդագետ

«Թուրքիան և Ադրբեջանը ցեղասպան պետություններ են»,-այսօր՝ ապրիլի 22-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քրդագետ Վահրամ Պետրոսյանը՝ հավելելով, որ թուրքերը ցեղասպանություններ են իրականացրել ոչ միայն Օսմանյան կայսրության տարիներին, այլ նաև դրանից հետո. «Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հանրապետական շրջանին: Իմիջիայլոց, այդ շրջանում կատարված ցեղասպանություններից գոնե մեկի՝ Դերսիմի մասին խոսել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ կատարվածի մեջ մեղադրելով Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությանը: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա մենք կարող ենք ասել, որ այդ երկրում միշտ էլ ասիմիլացիոն քաղաքականություն է վարվել, որին զոհ են գնացել նաև քրդերը»:

Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ մասնակցություն են ունեցել քրդերը Հայոց Ցեղասպանության իրագործմանը, փորձագետն ասաց, որ քրդական կառույցները հայտարարում են, թե որոշ ցեղեր մասնակցել են ոճրագործությանը, որոշներն ել օգնել են հայերին՝ ապաստան տալով և այլն, ինչը երբեմն որոշակի շահեր է հետապնդել, որոշ դեպքերում էլ արվել է ազնիվ մղումներով. «Իսկ իրականությունն այն է, որ քրդերը որոշ դեպքերում գործիք են եղել երիտթուրքերի ձեռքում՝ ավելի ուշ վերածվելով զոհի, իսկ որոշ դեպքերում էլ հանցագործությանը մասնակից են եղել իրենց կամքով, այսինքն պետք է պատասխանատվություն կրեն կատարվածի համար»:

Պետրոսյանի խոսքերով, այսօր կան քրդական կառույցներ, որոնք չեն հերքում Հայոց Ցեղասպանության փաստը, սակայն չեն խոսում հատուցման մասին՝ նշելով, որ ցավում են կատարվածի համար և պատրաստ են հայերին ընդունել ընդհանուր հայրենիքում: Բայց կան  քրդական կառույցներ, որոնք խոսում են նաև հատուցման մասին. «Երբ քրդերը խոսում են Հայոց Ցեղասպանության մասին, պետք է հասկանալ, թե ինչ նպատականեր են նրանք հետապնդում, քանի որ նմանատիպ հայտարարությունները հաճախ կարող են քաղաքական նպատակներ ունենալ»:

Նույն շարքից