Հասարակություն 

ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկոյին անվանի գործիչներ կմասնակցեն

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողության ժամանակ Լոս Անջելեսում կհավաքվեն մի շարք ազդեցիկ գործիչներ: Արարողությունը կանցկացվի Մոնթեբելոյի Բիքնել պարկի Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձանի մոտ: Այս մասին գրում է Asbarez-ը:

Այս տարի արարողությանը ելույթ կունենան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Մարշալ Էվանսը, ինչպես նաեւ Լոս Անջելեսի շրջանի վարչակազմի անդամ, ԱՄՆ աշխատանքի նախկին նախարար Հիլդա Սոլիսը, կոնգրեսական Ադամ Շիֆը, Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետտին, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրեգորյանը, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ Վահե Բոզոյանն ու Սիլվա Խաչիկյանը:

«Մենք հայ համայնքին կոչ ենք անում մասնակցել Մոնթեբելոյում նախանշված հիշատակի միջոցառումներին: Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո մեր համայնքը պետք է նոր ուժով հանդես գա միասին եւ աշխարհին հայտարարի, որ մենք հիշում եւ պահանջում ենք»,- ասված է կազմակերպիչների հայտարարությունում:

Նույն շարքից