ԱՄՆ-ում հանել են թուրքական փողերով տեղադրված Հայոց ցեղասպանությունը ժխտող պաստառները: Այս մասին գրում է Newsweek-ը:
Պաստառը հրապարակվել էր The Wall Street Journal-ում եւ տարակուսանք առաջացրել: Դրանում գրված էր «Ճշմարտություն = խաղաղություն»:
Փրինսթոնի համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Գերի Բասը պաստառի լուսանկարը հրապարակել է Twitter-ի իր էջում: Հրապարակման ներքո հարյուրավոր մեկնաբանություններ են հայտնվել, այդ թվում՝ հարցադրմամբ, արդյո՞ք WSJ-ը Հոլոքոստի մասին այդպիսի պաստառ կհրապարակեր:
Wall Street Journal-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ պարբերականն ամենատարբեր հայտարարություններ է հրապարակում, այդ թվում՝ սադրիչ դիրքորոշմամբ: Դրանցում ներկայացված մտքերը ոչ թե պարբերականինն են, այլ պատվիրատուներինը:
Միաժամանակ, ո՛չ Fact Check Armenia-ն, ո՛չ Turkic Platform-ը, որոնք հայտարարել էին որպես հայտարարության «հպարտ հովանավորներ», չեն պատասխանել Newsweek-ի հարցմանը:
Հայտարարությունը տպագրվել է նաեւ Chicago Tribune-ում, իսկ մի քանի պաստառներ տեղադրվել են Բոստոնում՝ Հայկական ժառանգության զբոսայգու հարեւանությամբ, ինչպես նաեւ Չիկագոյի արվարձաններում:
Որոշ ժամանակ անց արտաքին գովազդային վահանակներից պաստառները հանվել են, իսկ Clear Channel Outdoor ընկերությունը հայտարարել է, որ դրանք սխալմամբ են տեղադրվել: Պաստառները հանվել են նաեւ Չիկագոյում:
Այդպիսի պաստառներ տեղադրվել են նաեւ անցյալ տարի: 2015 թվականին դրանք տեղադրել էին Բոստոնում, Նյու Յորքում, Նյու Ջերսիում եւ Դալլասում: