Աշխարհի որևէ անկյունում իրականացված ցեղասպանությունը պետք է ընկալվի որպես ողջ միջազգային հանրության ձախողման հետևանք, իսկ դրանց կանխարգելումը՝ որպես յուրաքանչյուրիս, այնպես էլ ողջ մարդկության պատասխանատվություն. «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ երկրորդ ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
2015 թվականը մի հանգրվան էր, երբ մենք վերաիմաստավորեցինք մեր ժողովրդի գոյության իրավունքի եւ պատմական արդարության վերականգնմանն ուղղված հարյուրամյա պայքարը. ասել է նախագահըշ: «Ցեղասպանության 100-րդ տարելիցը մենք խորհրդանշեցինք ոչ թե սգով, այլ աշխարհին ուղղված երախտագիտության ու վերածննդի ուղերձներով և այն հաստատակամությամբ, որ Հայաստանի Հանրապետությունը 21-րդ դարում լինելու է այդ հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը։ Մեր պատկերացումն այսօր հստակ է. պետք է ցեղասպանության անթույլատրելիության մասին բացարձակ գիտակցություն արմատավորել նմանօրինակ աղետներից պաշտպանվելու համար: 2015 թվականը կարևոր էր այս առումով՝ աշխարհի շատ երկրների ղեկավարներ, խորհրդարաններ, միջազգային կառույցներ, կրոնական կազմակերպություններ, ականավոր անհատներ իրենց համերաշխությունը հայտնեցին ցեղասպանությունների դեմ մեր ընդհանուր պայքարին՝ ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը»,-ասաց նա՝ հավելելով, որ ներկա աշխարհի զարգացման տրամաբանությունն աներկբայորեն փաստում է․ մենք այլևս փոխկապակցված ենք՝ փոխկապակցված այնքան, որ որևէ մեկիս ձախողումը բերում է մյուսների ձախողմանը, հաջողությունը՝ հաջողությանը, տառապանքը՝ տառապանքին։
Այսօր դժվար է պատկերացնել անվտանգության դեմ ուղղված մի մարտահրավեր, որ սպառնա միայն մեկ երկրի։ Հետեւաբար որեւէ մեկս չենք կարող ապահովագրված զգալ այն սարսափներից, որ ապրել են մեր նախնիները 20-րդ դարում, որ վերապրում են մեր ժամանակակիցները՝ 21-րդ դարում, եթե այսօր իսկ որոշում չընդունենք, եթե այսօր իսկ չասենք «այլեւս երբեք»՝ անկախ այն գնից, որ յուրաքանչյուրս վճարելու ենք։ Այս տրամաբանությունը մեզ հուշում է նաեւ, որ աշխարհի որեւէ անկյունում իրականացված ցեղասպանությունը պետք է ընկալվի որպես ողջ միջազգային հանրության ձախողման հետեւանք, իսկ դրանց կանխարգելումը՝ որպես յուրաքանչյուրիս, այնպես էլ ողջ մարդկության պատասխանատվություն: Ուստի, շատ բնական է, որ ցեղասպանության ենթարկվածները, այն վերապրողներն ու նրանց սերունդները իրենց հայացքները շարունակելու են ուղղել միջազգային հանրությանը՝ արդարություն հայցելով. հայտարարել է ՀՀ նախագահը: