Հայաստան Քաղաքական 

Ցեղասպանությունների վերապրածները՝ Հայաստանի ԱԳՆ-ում

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ ապրիլի 23-ին, ընդունել է Երեւանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի` ցեղասպանություններ, մարդկության դեմ հանցագործություններ վերապրած մասնակիցներին՝ Յոուք Չհանգին՝ Կամբոջայից, Կաբանդա Ալոյսին՝ Ռուանդայից, Նադիա Մուրադին՝ Իրաքից։

ԱԳՆ-ից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով ֆորումին մասնակցության համար` նախարար Նալբանդյանը արժեւորեց երեւանյան համաժողովին ականավոր գիտնականների, քաղաքական եւ հասարակական գործիչների, արվեստագետների եւ, հատկապես, ցեղասպանություններ վերապրածների ներկայությունը։

Նախարար Նալբանդյանը կարեւորեց ցեղասպանությունների կանխարգելման, դրանց հետեւանքների վերացմանն ուղղված միջազգային հանրության համատեղ ջանքերը։ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ Երեւանում արդեն երկրորդ անգամ անցկացվող գլոբալ ֆորումը դարձել է ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված պայքարի կարեւոր միջազգային հարթակ:

Նադիա Մուրադը ներկայացրեց ահաբեկիչների կողմից եզիդների դեմ Իրաքում իրականացվող վայրագություները, իր ընտանքի բարբարոսական սպանության պատմությունը։ Նադիա Մուրադը հայցեց այս կապակցությամբ միջազգային իրազեկվածությունը բարձրացնելու հարցում Հայաստանի աջակցությունը։ Նախարար Նալբանդյանը հավաստիացրեց, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը` եզդիների դեմ բռնարարաքների մասին միջազգային հարթակներում բարձրաձայնելու ուղղությամբ։

Հանդիպման մասնակիցները բարձր գնահատեցին ցեղասպանությունների կանխարգելաման ուղղությամբ միջազգային բեմահարթակում Հայաստանի առաջնորդող դերակատարությունը։ Էդվարդ Նալբանդյանը հյուրերին տեղեկացրեց այս ուղղությամբ Հայաստանի նախաձեռնությունների ու ջանքերի մասին։

Նույն շարքից