Բլոգ Հայաստան 

Հպարտ եմ, որ այս դժվար օրերին բանակում որդի ունեմ. հոր նամակը զինվոր որդուն

analitik.am

Հպարտ եմ, որ այս դժվար օրերին բանակում որդի ունեմ: Ես ինձ լիարժեք հայ ու քաղաքացի եմ զգում և շնորհակալ եմ իմ որդուն, որ այդ հպարտության իրավունքը տվել է ինձ: Եվ ես հիմա ինձ իրավունք եմ վերապահում բարձրաձայն խոսելու իմ հայրենիքի մասին, բարձրաձայն գովերգելու մեր ազգը, քանի որ անմասն չեմ նրան պաշտպանելու գործից:

Իմ սիրելի՛ որդի. իմ սիրելի՛ Ամիր, ինչպես բոլոր ծնողները, մենք էլ ենք օր ու գիշեր քո մասին մտածում և Աստծուց խնդրում, աղոթում, որ դու և մեր բոլոր զինվորները առողջ լինեն, փորձանքից հեռու: Իմ հայրական օրհնանքն եմ հղում քեզ, որ քո ազգի համար այս դժվարին ժամանակներում դու կրկնապատկված եռանդով ծառայես, կրկնապատիկ զգոն ու աչալուրջ լինես, ընկերներիդ սիրես եղբոր պես և հասկանաս, որ դուք միայն իրարով եք ուժեղ ու անպարտ:

Հպարտությամբ շնորհավորում եմ քո 20-ամյակը և ամուր գրկում ու համբուրում եմ: Հիմա տարեդարձների ժամանակ չէ: Կգան ավելի հանգիստ ժամանակներ, շատ ծնունդներ կտոնես ու կհիշես այս մեկը, որ համընկավ պատերազմի հետ: Եվ դա կլինի ամենաանմոռացը:

Հպարտ եմ քեզնով, իմ զինվո՛ր տղա, և մաղթում եմ քեզ խաղաղություն:

Քո հայր՝  Ալբերտ Գևորգյան

Նույն շարքից