Հասարակություն Իրավական 

Բրեյվիկի օրինակով Սալահ Աբդեսլամն էլ Ֆրանսիային դա՞տի կտա. Արևմուտքը գլուխը կորցրել է. Le Figaro

Le Figaro պարբերականում հոդված է հրապարակվել նորվեգական դատարանի կողմից Բրեյվիկին փոխհատուցում տալու վերաբերյալ: Լրագրող Անդրե Բերկոֆֆը մեղադրում է արևմտյան ժողովրդավարությանը՝ հնչեցնելով հարց, մի՞թե նրանք կորցրել են իրենց գլուխները:

Անդրեն գրում է. «Պետք է շտապ վերանայել արդարադատություն գեղեցիկ բառը: Կշեռքը, փակ աչքերը, զոհի պաշտպանությունը, մեղավորին քննադատելը՝ այս ամենը պարզ  է այն երկրների համար, որտեղ դեռ խիղճն ու ուղեղը գործում են և աշխատում ճիշտ ուղղությամբ»:

Հոդվածի  հեղինակը կոչ է անում վերանայել մի քանի վերջին դեպքեր, երբ զոհին շփոթել են դահիճի հետ: Նրա կարծիքով, ամենաակնառու դեպքն այն էր, երբ Օսլոյի դատարանը մեղավոր ճանաչեց նորվեգական պետությանը՝ Անդերս Բրեյվիկի նկատմամբ անմարդկային և ստորացուցիչ վերաբերմունք ունենալու համար:  5 տարի առաջ Բրեյվիկը մի քան ժամվա ընթացքում սպանել է 77 մարդ՝ նախ Օսլոյի կառավարական թաղամասում մեքենայի մեջ ական տեղադրելով, հետո էլ մեկնել է Ուտոյա կղզի, որտեղ էլ սառնասրտորեն սպանել է 60 երիտասարդ ուսանողների, Աշխատավորական կուսակցության կողմնակիցներին՝ և այս ամենը հանուն ռասսայի մաքրության:

Հեղինակը սարկազմով նշում է, որ ապագան բավականին խոստումնալից է թվում Սալահ Աբդեսլամների, Մուհամեդ Աբրինիների, ֆրանսիացի նեոնացիստների և նմանատիպների համար, որովհետև նրանք կարող են օգտագործել Բրեյվիկի դատական նախադեպը և իրենց «մարդասիրական» գործունեության դիմաց հարմարավետ պայմաններ պահանջել դատարանից:

Ինչ վերաբերում է Բրեյվիկին, ապա լրագրողը նշում է, որ 77 մարդ սպանած բանտարկյալը բողոքում էր նրանից, թե հսկիչներն իրեն հաճախ հետևում են և քնից արթնացնում: Լրագրողը հիշեցնում է , որ Բրեյվիկը գտնվում է 31 մետր քառակուսի տարածքով բանտախցում, որտեղ կա հեռուստացույց, մարզասարքեր, վիդեոխաղեր և թերթեր: Նրան միայն արգելված է շփվել այլ բանտարկյալների հետ: Մարդասպանի պաշտպանի խոսքերով՝ Բրեյվիկը գտնվում է այն պայմաններում, ինչ եղել են Գուլագում կամ Օսվենցիմում: Բրեյվիկը նաև բողոքում էր նրանից, որ սուրճը սառն է և կիսաֆաբրիկատներով են նրան կերակրում, ինչն ավելի դաժան է, քան ճամբարներում կիրառված տանջանքները: Այս «սարսափելի» պայմանների նկարագրությունների հիման վրա նորվեգական արդարադատությունը համարեց, թե Եվրոպական կոնվենցիայի մարդու իրավունքների վերաբերյալ 3-րդ հոդվածի համաձայն պետության դեմ վճիռ կայացնելը տրամաբանական է և պետությունը պետք է մարդասպանին փոխհատուցում վճարի 36 հազար եվրոյի չափով:

Լրագրողն այս վճիռը համարում է բավականին վտանգավոր, ինչը հետագայում մարդասպանների և ահաբեկիչների  համար դատական նախադեպ կդառնա:

Նույն շարքից