Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրամիությունը միգրացիոն համաձայնագրի շրջանակներում ամռան ընթացքում Թուրքիային կհատկացնի 1 միլիարդ եվրո: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Տուսկը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Թիմերմանսը Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ուղեկցությամբ շաբաթ օրը այցելել են սիրիացի փախստականների կենտրոն՝ Թուրքիայի հարավարևելյան Գազիանտեպ շրջանում:
«Եվրամիությունը Թուրքիային ամռանը կտրամադրի 1 միլիարդ եվրո փախստականների հարցով նախագծերի համար՝ միգրացիոն համաձայնագրի շրջանակներում: Մենք նկատում ենք Թուրքիայի տարածքով եվրոպական երկրներ ժամանող անօրինական ներգաղթյալների թվի նվազեցում: Այս երկիրը փախստականներին ընդունելու առումով ամբողջ աշխարհի համար դարձել է օրինակ»,- հայտարարել է Տուսկը Մերկելի, Թիմերմանսի և Դավութօղլուի հետ համատեղ մամլո ասուլիսում: