Հայաստան Քաղաքական 

Տարածք զիջելը միայն վիրտուալ խոսակցություն չէ. Վաղարշակ Հարությունյան

ԼՂ հարցի շուրջ բանակցային սեղանին դրված թե՛ փուլային, թե՛ փաթեթային բոլոր առաջարկություններում մշտապես եղել է «ԼՂՀ կարգավիճակ՝ տարածքների դիմաց» սկզբունքը. այս մասին նշել է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով վերջին օրերին քննարկվող հարցին, ըստ որի՝ պլան է մշակվել տարածքներ զիջելու ուղղությամբ: Ըստ նրա՝ հայկական կողմը միշտ պատրաստ է եղել զիջումների, և բանակցային գործընթացը մշտապես տապալել է Ադրբեջանը:
Նա նշեց, որ սեղանին դրված են Մադրիդյան, Կազանի փաստաթղթերը, որոնք, ըստ էության, նույն մոտեցումներն են։ «Հիմա մեր մոտեցումն այս է. Ղարաբաղի անկախացում, ցամաքային կապ և միջազգային անվտանգության երաշխիք: Սա է բանաձևը լուծման, բայց հենց Ադրբեջանը չի ուզում որևէ քննարկում անել, քանի որ ասում է Ղարաբաղն իմն է, ինչին, բնականաբար, չի համաձայնվի ո՛չ ՀՀ-ն, ո՛չ էլ Արցախը»,- ասաց նա:
Վաղարշակ Հարությունյանը, խոսելով Լավրովի այցից և քննարկվող ռուսական պլանից, շեշտեց, թե որևէ մեկը չի կարող պարտադրել ՀՀ-ին և Արցախին վերադարձնել տարածքներ: «Հողերի վերադարձի մասին խոսք չի կարող լինել և որևէ  համանախագահ չի կարող ստիպել մեզ դա, ինչին մենք չենք էլ գնա առանց կարգավիճակի հաստատման»,- այնուհետև հավելեց, թե առկա ստատուս քվոն փաստացի պահում է Ադրբեջանն իր կոշտ դիրքորոշմամբ՝ նշելով թե այդ տարածքներն իմն են, իսկ Ղարաբաղը կարող է կարգավիճակ ստանալ Ադրբեջանի կազմում, դրանով հարցը փակելով:
Իսկ թե ՌԴ արտաքին գործերի նախարարի առաջարկն ինչ է, Վաղարշակ Հարությունյանը նշեց. «Լավրովն ասում է  վստահության նախապայմաններ են պետք՝ բանակցությունները սկսելու համար, և պետք է մտածել ինչպես զինադադար հաստատել և մշակել այն մեխանիզմները, որոնք կարձանագրեն, թե որ կողմն է խախտողը: Ասաց, որ Գերմանիայից ԵԱՀԿ-ն իր վրա է վերցրել այդ մեխանիզմի տեղակայման պարտավորությունը, որին ռուսական կողմը կաջակցի: Այսինքն՝ նշեց, որ Գերմանիա, եթե դու քո վրա վերցնում ես, դու էլ արա՝ իմանալով որ Ադրբեջանը համաձայն չէ այդ առաջարկին»,- ասաց նա:
Պաշտպանության նախկին նախարարը նշեց, թե քառօրյա պատերազմի այս բարբարոսությունները հաստատեցին, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի, և  հայկական կողմը որևէ այլ կարգի բանակցությունների, իհարկե, չի գնա:
Վաղարշակ Հարությունյանը հավելեց, որ թեև բանակցային սեղանին դրված փաստաթղթում առկա է տարածքների զիջման սկզբունքը, սակայն ղարաբաղյան կողմից այս հարցի նկատմամբ միանշանակ վերաբերմունք չկա:
Ռազմական մասնագետը բացատրեց, թե տարածք զիջելը միայն վիրտուալ խոսակցություն չէ, և իր հետևից բերում է ռազմաքաղաքական բալանսի  փոփոխություն  հօգուտ Ադրբեջանի: Նա բացատրեց, որ այս շրջանները մեր անվտանգությունն ապահովում են քիչ միջոցներով, և եթե մեկ շրջան ենք հանձնում, հասանելի են դառնում քաղաքները, անհրաժեշտություն է առաջնում պաշտպանական ուժերը մեծացնելու, դրանով կկորցնենք  ճանապարհները, որոնք ապահովում են զորքերի արագ տեղաշարժը, կապը ՀՀ-ի հետ ենք կորցնում, մնում է Լաչինը, որը շարքից հանելու համար մեծ միջոցներ պետք չեն:
«Հիմա եթե ինքն այդ առավելությունը չունի ու չի համաձայնվում որևէ կարգավիճակի մասին խոսել, երբ հանձնենք՝ կգնա՞ դրան, իհարկե՛ չի գնա, այնպես որ մենք էլ չենք գնա»,- ասաց նա:
Վաղարշակ Հարությունյանը նշեց, թե Ադրբեջանի հաշվարկն էր երկու օրում փոխել ստատուս քվոն ռազմական ուժի միջոցով, ինչը սակայն ՀՀ և ԼՂՀ Զինված ուժերը կասեցրին երկու ժամում: «Իսկ միջազգային հանրությունը, պետությունները հաշվարկում են, թե որ կողմը կարող է հաղթել և ըստ այդմ էլ կառուցում են դիվանագիտությունը, իսկ Ադրբեջանը փաստացի պարտված դուրս եկավ»,- ասաց նա:

Նույն շարքից