Հայաստան Ռազմական Հասարակություն 

Կարող է որոշակի ֆինանսական աջակցության անհրաժեշտություն առաջանալ. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով ապրիլի սկզբին առաջնագծում զոհված և վիրավոր երևանաբնակ զինծառայողների ընտանիքների խնդիրներին, աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետին հանձնարարել է ուսումնասիրել տվյալ ընտանիքների առաջնային սոցիալական կարիքները և ներկայացնել դրանք՝ համապատասխան նպատակային աջակցություն ցուցաբերելու նպատակով:

«Այս օրերին շատ է խոսվում առաջնագծում զոհված և վիրավոր մեր զինծառայողների ընտանիքների խնդիրների մասին, բայց քչերն են փորձում ուսումնասիրել նրանց առաջնային կարիքները: Այս առումով, նախևառաջ հանգամանալից ուսումնասիրեք և գնահատեք երևանաբնակ այդ ընտանիքների առաջնային կարիքները, ինչը հնարավորություն կտա յուրաքանչյուրի մասով ցուցաբերել անհատական մոտեցում», - ընդգծել է քաղաքապետը:

«Կարող է որոշակի ֆինանսական աջակցության անհրաժեշտություն առաջանալ: Ու հաշվի առնելով, որ Երեւան քաղաքի տարեկան ծրագիրն ու դրա ֆինանսական բաշխվածությունը նախօրոք սահմանված է, փորձենք վերանայել մասնավորապես մշակութային միջոցառումների համար նախատեսված բյուջետային միջոցները, որպեսզի անհրաժեշտության դեպքում սատար կանգնենք այդ ընտանիքներին», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Ֆինանսական միջոցների վերանայման շրջանակում քաղաքապետը հանձնարարել է հաշվի առնել նաեւ ԼՂՀ կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից համապատասխան դրամական փոխանցում կատարելու հնարավորությունը:

Աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանն էլ հանձնարարվել է ուսումնասիրել առաջնագծում զոհված երևանաբնակ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմաններն ու քաղաքապետարանի առկա հնարավորությունների սահմանում ներկայացնել հնարավոր առաջարկներ:

«Նրանց հարգանքի տուրք մատուցելու եւ սխրանքներն անմահացնելու համար այն դպրոցներում, որտեղ նրանք սովորել են, պետք է ստեղծվեն մերօրյա հերոսների անկյուններ», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նույն շարքից