Հայաստան Քաղաքական 

Ֆրանսիան ջանք չի խնայում հակամարտության վերջնական կարգավորումն ապահովելու համար. Արլեմ Դեզիր

Ֆրանսիայի կառավարությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին ուղերձ է ուղարկել: Ուղերձը բերել է Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը: Այսօր նա Երևանում է, որտեղից Բաքու է մեկնելու:

«Ես այստեղ եմ Ֆրանսիայի կառավարության ու նախագահի հանձնարարականով ու ինձ հետ բերել եմ հաշտեցման ու բանակցությունները վերսկսելու մասին ուղերձ»- հայտարարել է Դեզիրը Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ՝ շեշտելով,- «Ֆրանսիան, լինելով Հայաստանի բարեկամը, ցանկանում է, որ Հայաստանը խաղաղ ապրի: Պատերազմը արդեն շատ կյանքեր է խլել զինվորականների ու խաղաղ բնակչության շրջանում: Հենց այդ պատճառով էլ ես այստեղ եմ ու բերել եմ բանակցային գործընթացը վերսկսելու ուղերձը: 30 տարի տևած հակամարտությոնը, որի հետևանքով ավելի քան 25 հազար մարդ է զոհվել, չի կարող բնութագրվել որպես սառեցված: Ամեն տարի նոր զոհեր են լինում, նոր փախստականներ:

Ֆրանսիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, մյուս համանախագահների հետ միասին ջանք չի խնայում հակամարտության վերջնական կարգավորումն ապահովելու համար:

Ռուս ու ամերիկացի համանախագահների հետ Ֆրանսիան բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի իրականացնի այն սկզբունքները, որոնք ընդունված է համարել Մադրիդյան՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք: Այս երեք սկզբունքների վրա պետք է հիմնվի կարգավորումը»,- հայտնել է Դեզիրը:

Պետքարտուղարի խոսքով՝ հիմա առաջնահերթ է հրադադարի ռեժիմի ամրապնդումն ու դրա պահպանման նպատակով վերահսկման մեխանիզմների ներդրումը: «Սա այն առաջարկների մի մասն է , որոնք 2014-ին Ֆրանսիայի նախագահ Օլանդը ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին: Այդ հանդիպման ընթացքում առաջարկ է եղել նաեւ ստեղծել վստահության մեխանիզմներ՝ բանակցությունների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու համար»,- նշել է պետքարտուղարը:

«Ֆրանսիան, ինչպես ես այսօր ասել եմ Հայաստանի նախագահի ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումների ժամանակ, բոլոր ջանքերն ու ներուժը կօգտագործի գործընթացի առաջխաղացմանն աջակցելու համար: Այս նույն ուղերձը ես վաղը կփոխանցեմ Բաքվին՝ քաղաքական ղեավարության հետ հանդիպման ժամանակ: Ես արդեն ասացի, որ ուղերձում երկու կարևորագույն տարրեր կան՝ հսկողության մեխանիզմի ներդրումը ու ուժի կիրառումից կողմերին հետ պահելը: Բանակցային գործընթաց, որի հիմքում փոխզիջումներն են»,- նշել է Դեզիրը:

Նույն շարքից