Ամերիկացի հայտնի երգիչ, երգահան ու գործիքավորող Փրինսը, ում մահվան անսպասելի լուրը ստացվեց ապրիլի 21-ին, ճակատագրական դեպքից առաջ մի քանի օր անընդմեջ աշխատել է` առանց քնի ու հանգստի:
Ինչպես նշում է The Independent-ը, այս մասին հոգեհանգստի արարողության ժամանակ ասել են 57-ամյա Փրինսի մտերիմ ընկերներն ու բարեկամները` մանրամասնելով, որ մահից առաջ երաժիշտը չի քնել 154 ժամ:
«Ես նրա հետ էի ու գիտեմ, որ մահին նախորդած վերջին 6 օրվա ընթացքում նա չէր քնել»,-ասել է Փրինսի քրոջ ամուսինը:
Արարողությանը ներկա գտնված մյուս մարդիկ ևս փաստել են, որ կյանքի վերջին օրերին երաժիշտը շատ գունատ ու թույլ է եղել և ընդհանրապես նման չի եղել ինքն իրեն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Փրինսի մարմինը դիակիզել են իր կամքի համաձայն:
«Նա ցանկանում էր հրաժեշտ տալ այս աշխարհին առանց ավելորդ ուշադրության, առանց դրամայի ու ֆանֆարների: Դա, միանշանակ, համապատասխանում էր նրա ոճին ու էությանը»,-պատմել է Փրինսի ընկերներից մեկը:
Աղբյուրը հավելում է, որ Փրինսի բարեկամները հրաժարվել են հայտնել, թե որտեղ է այժմ գտնվում նրա աճյունամոխիրը: