Հայաստան Քաղաքական Ռազմական գլխավոր 

Ամեն վայրկյան կարող է կրկնվել այն, ինչ տեղի ունեցավ. Սերժ Սարգսյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիան համարումէ ոչ թե հրադադարի խախտում, այլ չորսօրյա պատերազմ։ Այդ մասին նա ասել է Bloomberg Գործակալությանը տված հարցազրույցում։

«Իրոք այդ չորս օրը ես չեմ համարում հրադադարի ռեժիմի խախտում, այլ համարում եմ չորսօրյա պատերազմ,  որովհետեւ հրադադարի խախտում կարելի է համարել այն դեպքը, երբ կրակոցներ են հնչում մեկ կամ մի քանի հատ, երբ օգտագործվում են նախկինում կիրառված զենքերը և այլն: Բայց այս չորս օրվա ընթացքում կիրառվեցին շատ խոշորատրամաչափ եւ ավերիչ զենքեր, ինչպիսիք են Սմերչը, ТОС-ը , իսրայելական ЛОР-ը, թուրքական խոշորաչափ, խոշորատրամաչափ զինատեսակներ եւ հրետանու բոլոր տեսակները՝ մինչեւ 152 մմ-անոց: Ի՞նչ խախտման մասին կարող է խոսք լինել, եթե գործողություններին մասնակցում էին մի քանի հարյուր տանկեր»,- նշել է Սարգսյանը:

Նա նաև ներկայացրել է գործողությունների զարգացման ընթացքը։ «Մեր Գլխավոր շտաբի պետին զանգահարեց Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետը և ասաց, որ ադրբեջանական կողմը համաձայն է դադարեցնել ռազմական գործողությունները, դուք արդյո՞ք համաձայն եք ամսի 5-ին ժամը 11-ի դրությամբ դադարեցնել ռազմական գործողությունները: Մինչ այդ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը երկու անգամ հայտարարել էր, որ նրանք պատրաստ են դադարեցնելու ռազմական գործողությունները: Եվ մեր Գլխավոր շտաբի պետը ուղեւորվեց Մոսկվա, Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետերի հանդիպում եղավ, որտեղ զուտ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ չկրակել»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով,- «Ինչու եմ ասում չկրակել, այլ չեմ ասում հրադադար, որովհետեւ մենք ասում էինք, որ ոչ թե պետք է հրադադար հաստատել, այլ վերականգնել հրադադարը, որի մասին համաձայնագիր էինք կնքել 1994 թվականին ու նաեւ այդ համաձայնագիրը ամրապնդել էինք նոր համաձայնագրով 1995 թվականին: Եվ ինչպես տեսնում եք, մինչև հիմա պահպանվում է այդ պայմանավորվածությունները, թեև խախտումները շարունակվում են: Բայց զորքերը հետ քաշված չեն, հրետանին եւ տանկերը հետ քաշված չեն, և ամեն վայրկյան կարող է կրկնվել այն, ինչ տեղի ունեցավ: Միգուցե՝ ավելի մեծ մասշտաբներով»,- ասել է նախագահը:

 

Նույն շարքից