Ուսումնասիրելով ՀՀ Պաշտպանության նախարարի և նրա տեղակալների հայտարարագրերը, հասկանալի է դառնում, որ նրանցից ամենահարուստը ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ-պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանն է: Իմիջիայալոց, միլիոնների հասնող դրամական միջոցներ ունի նաև փոխնախարարի կինը՝ Իվետա Իսրայելյանը: Ձեզ ենք ներկայացնում տվյալներ փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանի և վերջինիս կնոջ դրամական միջոցների և եկամուտների մասին՝ ևս մեկ անգամ նշելով, որ սրանք դեռ պաշտոնական թվերն են:
Նշենք նաև, որ ներկայացված հայտարարագրում տվյալներ չկան ձեռք բերված կամ օտարված շարժական և անշարժ գույքի, թանկարժեք գույքի, արժեթղթերի և այլ ներդրումների մասին:
Ալիկ Միրզաբեկյանի դրամական միջոցները.
| Թվական | Դրամական միջոցները տարեսկզբին | Դրամական միջոցները տարեվերջին | Փոխառություններ | Եկամուտ |
| 2014 | 54.5 մլն | 61 մլն | 8.4 մլն | 68.1 մլն՝ 4.9 աշխատավարձ, 3.1 մլն կենսաթոշակ, 3.2 փոխառություն, 56 մլն՝ շահաբաժին |
| 2015 | 61 մլն | 68,2 մլն | - | 48 մլն՝ 6 մլն. աշխատավարձ , 3,1մլն. կենսաթոշակ, 7,8 մլն փոխառություններ, 31 միլիոն շահաբաժին |
| 2016 | 68,2 մլն | 4,3 մլն | 75,3 մլն | 26,5 միլիոն՝ 6,1 մլն աշխատավարձ, 3 մլն. կենսաթոշակ, 8,4 մլն փոխաառություններից, 8,8 մլն. շահաբաժին |
Ալիկ Միրզաբեկյանի կնոջ՝ Իվետա Իսրաելյանի դրամական միջոցները.
| Թվական | Դրամական միջոցները տարեսկզբին | Դրամական միջոցները տարեվերջին | Փոխառություններ | Եկամուտ |
| 2014 | 24,5 մլն դրամ և 20 հազար դոլար | 37,4 մլն դրամ և 11 հազար դոլար | - | 2,1 մլն. դրամ, որից 1,9 մլն. աշխատավարձ, 260 հազար՝ փոխառությունից |
| 2015 | 37,4 մլն դրամ և 11 հազար դոլար | 38,1 մլն դրամ և 8 հազար դոլար | - | 6,2 մլն. դրամ, 2.5 մլն աշխատավարձ,3,7 մլն. փոխառություն |
| 2016 | 38,1 մլն. և 8 հազար դոլար | 12 մլն. դրամ և 8 հազար դոլար | 38.2 մլն | 23,3 մլն. դրամ՝ 3,2 մլն. աշխատավարձ, 4,1 մլն.՝ փոխառություններից, 16 մլն՝ շահաբաժին: |
Ներկայացնում ենք Ալիկ Միրզաբեկյանի կենսագրությունը՝
Կրթություն
1976-1981թթ. – Սևաստոպոլի ռազմածովային ինժեներական բարձրագույն ուսումնարան
2000-2001թթ. – ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիա
Ծառայություն
1981-1992թթ. – ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, զբաղեցրել է հրետանային հաշվարկի պետի օգնականի, գլխավոր մեխանիկ-բաժանմունքի պետի, բազայի շտաբի պետի պաշտոնները
1988-1994թթ. – Մասնակցել է Լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարին
1992թ.-ից ՀՀ Զինված ուժերում է:
Աշխատանքային գործունեություն
1992-1994թթ. – ՀՀ ՊՆ սպառազինության վարչության շտաբի պետ
1994թ. – ՀՀ ՊՆ սպառազինության վարչության պետ
1995-1998թթ. – ՀՀ ՊՆ ինժեներական զորքերի պետ
1998-1999թթ. – ՀՀ ՊՆ սպառազինության վարչության պետ
2001թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ:
Այս մարդը համարյա իր ամբողջ կյանքի ընթացքում աշխատել էՀՀ ՊՆ-ում, ուստի հարց է առաջանում՝ այդ որտեղի՞ց է կուտակել այդքան գումար այն դեպքում, երբ իր աշխատավարձը լավագույն դեպքում կազմել է տարեկան 3.2 մլն. ՀՀ դրամ: Համարենք, որ նա 1992-ից տարեկան 1.9 մլն ՀՀ դրամ աշխատավարձ է ստացել, ինչը ֆանտաստիկայի ժանրից է, բայց անգամ այս դեպքում նրա եկամուտները, եթե նա իր ստացած աշխատավարձը կուտակեր և բացարձակ ոչ մի ծախս չաներ, կկազմեր 39 900 000 ՀՀ դրամ 21 տարվա ընթացքում՝ 2014թ-ի դրությամբ: Հետևությունները թողնում ենք ընթերցողին:
Հ.Գ. Խոսակցություններ կան, որ մեր բանակը սպառազինության խնդիր ունի, իսկ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի պնդմամբ էլ Միրզաբեկյանը և ՀՀ ՊՆ որոշ վարչությունների պետեր պետք է հեռանան, քանի որ բառի բուն իմաստով զբաղվում են սաբոտաժով, իսկ համապատասխան մարմիններն էլ պետք է հետաքննեն ու հասկանան, թե ինչ նպատակով է դա արվել` անձնակա՞ն, այլ պետությունների շահե՞րն են պաշտպանել, թե՞ ուղղակի այդ մարդիկ չեն պատկերացնում՝ ինչ պետք է անեն և չեն գիտակցում իրենց աշխատանքի պատասխանատվության չափը: