Հայաստան Հասարակություն 

Ցավալի է, որ Անահիտ Բախշյանը կամայական է մեկնաբանում քաղաքապետի հանձնարարականը

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը լրատվամիջոցներին տարածել է մի գրություն, որում մասնավորապես ասվում է, որ քաղաքապետարանում իբր քննարկվել է հանրակրթական դպրոցների տնօրեններին հանձնարարականներ իջեցնելու հարցը՝ անչափահասների հասարակական-քաղաքական ակտիվությունը կասեցնելու նկատառումով: Ավելին, տիկին Բախշյանը հեռուն է գնացել և հստակ անուններ է նշել՝ այդ իրողության առնչությամբ համեմատություններ և վերլուծություն կատարելով:
Գնահատելով Անահիտ Բախշյանի գործունեությունը որպես Երևանի ավագանու անդամ և նպատակ չունենալով ենթատեքստ փնտրել այդ գրության մեջ, այնուամենայնիվ, հարկ եմ համարում պարզաբանել այս հրապարակման բովանդակությունը:

Ուզում եմ նշել՝ որքան էլ աբսուրդային հնչի, տիկին Բախշյանի տարածած հրապարակման մեջ, թերևս, երկու բառ է համապատասխանում իրականությանը՝ «անչափահասներ» և «դպրոցի տնօրեններ»: Այո՛, Երևանի քաղաքապետարանի՝ ապրիլի 25-ին տեղի ունեցած ընդլայնված խորհրդակցության ընթացքում քննարկվել է անչափահասներին վերաբերևող հարցը, ինչը, սակայն, վերաբերել է մուրացկանությամբ զբաղվող անչափահասների խնդրին, այդ առնչությամբ դպրոցներում ու ընտանիքներում բացատրական աշխատանքներ տանելու կարևորությանը, ինչպես նաև անչափահասների կողմից մուրացկանությամբ զբաղվելու դեպքերը բացառելու և նրանց համապատասխան օգնություն ցույց տալու անհրաժեշտությանը:

Նույն շարքից