Հասարակություն Հիշում եմ և պահանջում 

Շվեդիայում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

analitik.am

Ապրիլի 24-ին Շվեդիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ։

Ստոկհոլմում տեղի ունեցավ երթ դեպի Թուրքիայի դեսպանություն, որի ավարտին մասնակիցները կենտրոնական Կունգստրեգորդեն զբոսայգում գտնվող Սբ. Յակոբ եկեղեցում մասնակցեցին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագին։ Արարողությանը ներկա էին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, հայ համայնքի կառույցների ներկայացուցիչներ։

Պատարագին հետեւեց շվեդահայ համայնքի ներկայացուցիչների կողմից կազմակերպված հիշատակի միջոցառումը՝ ցույց Ստոկհոլմի կենտրոնական Սերգելս Տորյ հրապարակում։

Տարելիցին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան նաեւ Սյոդերթելյե, Օրեբրո, Նորշյոփինգ, Գոտեբուրգ եւ Մալմյո քաղաքներում։ Սյոդերթելյեի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում կազմակերպված միջոցառմանը ներկա էր քաղաքապետ Բոել Գոդները։ Վերջինս իր ելույթում անդրադարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցին։

Օրեբրոյում տեղի ունեցած միջոցառումը սկսվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին ծաղկեպսակի զետեղման արարողությամբ։ Ելույթ ունեցան Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էվա-Լենա Յանսոնը եւ Խորհրդարանի նախկին պատգամավոր, Օրեբրոյի համայնքային խորհրդի անդամ Մուրադ Արթինը։ Միջոցառումը շարունակվեց եկեղեցում, որտեղ ելույթ ունեցավ Օրեբրոյի քաղաքապետ Ագնետա Բլոմը։

Նույն շարքից