Վեդի քաղաքի բնակիչ Արման Սարգսյանը կալանավորվել է խանդի հողի վրա զուգընկերուհուն ծեծելով սպանելու կասկածանքով: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Չարենցավանի բնակչուհի՝ 35-ամյա Ռուզան Ջումայանի սպանությունը կոծկելու նպատակով Արման Սարգսյանը ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին, եւ որպես մտերիմ հետաքրքրվել է գործի մանրամասներից՝ հայտնելով, որ կնոջը, հավանաբար, գումարը չվճարելու պատճառով վրաերթի է ենթարկել տաքսու վարորդը՝ չկասկածելով անգամ, որ ոստիկանները նախքան իր հայտնվելն արդեն իսկ նրա հետքի վրա են եղել:
Արման Սարգսյանը խոստովանել է՝ արարքն ինքն է կատարել, ապա Ռուզան Ջումայանի դին թողնելով Վեդի-Ոսկետապ ավտոճանապարհին՝ դիմել է փախուստի:
«Մոտ մի ամիս ընկերություն էինք անում Ռուզանի հետ որպես ամուսիններ, այ սենց: Էդ օրը զանգեցի, կանչեցի, ինքը եկավ, գումարը պիտի տայինք տաքսու, ասեցի՝ գումար չունեմ, ոնց ուզում ես, գնա տուն: Հեռախոսս վերցրեց, խոսալով գնաց, իջավ ներքեւ, ման եկա, գտա, խփի չոքավ: Քացով եմ խփել, վզին եմ խփել, քաշեցի, քցեցի խոտերի մեջ ու թողել փախել եմ»,-խոստովանել է Արման Սարգսյանը:
Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ: Արման Սարգսյանը կալանավորված է: Քննությունը շարունակվում է: