Հայաստան Պատահարներ 

Քննչական գործողություններն ավարտվել են. ճանապարհը բաց է

Երևանի Հալաբյանի փողոցում ապրիլի 25-ին տեղի ունեցած ավտոբուսի պայթյունից հետո դեպքի վայրում իրականացվող քննչական գործողություններն ավարտվել են: Պայթած ավտոբուսը դեպքի վայրից դուրս են բերել:

Այս պահին ջրցան մեքենաներով մաքրում են փողոցը, քիչ անց երթեւեկությունը լիարժեք կվերականգնվի:

Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ, թիվ 63 երթուղու «Բոգդան» մակնիշի ավտոբուսում։ Պայթյունն այնքան ուժգին է  եղել, որ լսվել է մի քանի կիլոմետրից, հարեւան շենքերում ապակիներ են կոտրվել։

Ապրիլի 26-ի, ժամը 04.20-ի դրությամբ կա 8 տուժած՝ 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված  Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1955 թ. ծնված Արեգնազ Սարգսի Ղալեչյան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:  Տուժածները ՀՀ քաղաքացիներ են:

Կան 2 զոհ, որոնցից մեկի ինքնությունը հայտնի է, մյուսի ինքնությունը ճշտվում է:

Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի եւ Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ) հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթում:

Դեպքի վայրում իրավապահ մարմինները  իրականացնում է անհետաձգելի քննչական, դատավարական եւ օպերատիվ հետախուզական գործողություններ:

Նույն շարքից