Տեսականորեն ընտրողը կարող է 10 անգամ տարբեր տեղամասերում քվեարկել ամեն մի մատի մատնահետքով։ Այս մասին ապրիլի 26-ին ԱԺ-ում ասել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով նոր ԸՕ նախագծի քննարկմանը։
«Էլեկտրոնային գրանցման սարքը պետք է ընդունի ցուցամատի մատնահետքը, բայց ինչպե՞ս պարզել, որ դա հենց ցուցամատն է»,- հարցադրում է արել Փաշինյանը։ Հենց այդ պատճառով անհրաժեշտ է քվեարկել ID քարտերով, որոնց վրա ֆիքսվում է ցուցամատի մատնահետքը, որի հետ սարքը պետք է համեմատություն անցկացնի։ Բացի այդ, դա թույլ կտա լուծել Հայաստանից բացակայողների քվեների հարցը. նրանք ցուցակներում չեն լինի, քանի որ նրանք ID քարտ չեն ունենա։
Դրան ի պատասխան՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը նշեց, որ դա կարող են հսկել դիտորդներն ու վստահված անձինք։ «Միայն ID քարտերով քվեարկության գաղափարը առողջ է, բայց այդ դեպքում պետք է հոգալ, որ քվեարկել ցանկացող, սակայն քարտ չունեցող անձինք դրանք ստանան անվճար եւ նախատեսված ժամկետներում։ Իսկ դա կապված է միլիոնավոր դոլարներով տպիչ մեքենաներ գնելու հետ։ Կան մի շարք դժվարություններ»,- նշել է Հարությունյանը։