Այսօր՝ ապրիլի 26-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի ղեկավար Կորյուն Նահապետյանը նշել է, որ պաշտոնանկությունները նշանակում են, որ կոնկրետ բարձրաստիճան մարդիկ թերացել են իրենց պարտականությունների կատարման մեջ և դրա հիման վրա կայացել է որոշում:
«Կարծում եմ` պաշտպանության նախարարությունում և Զինված ուժերի գլխավոր շտաբում կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ և դրանց արդյունքում կկայացվեն որոշումներ, որոնց հետևանքով կարող են այլ ներկայացուցիչներ ենթարկվել պատասխանատվության»,-ասել է Նահապետյանը:
«Ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել, որ ՀՀ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմին նշանակում և ազատում է հանրապետության նախագահը: Ես ասում եմ` ստեղծված իրավիճակում, բնականաբար, պետք է քննարկել ու որոշում կայացնել` այն պաշտոնատար անձինք, որոնք թերացել են, կարգապահական խախտումներ են թույլ տվել, որոշակի ծառայողական պարտականություններ անբավարար են կատարել, բնական է, որ նրանք պետք է ենթարկվեն պատասխանատվության»,-ասաց Կորյուն Նահապետյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ միայն պաշտոնանկությունները բավարար չեն, պետք է հետևություններ անեն բոլոր ուղղություններով. «Եւ խորհրդարանական, և դիվանագիտական, և քաղաքական ուղղություններով անելիքներ կան և արդեն իսկ ձեռնարկվել են որոշակի քայլեր»:
Դիտարկմանը, թե շատերը պնդում են, որ վերնշյալ թերացումների պատճառով ունեցանք անդառնալի կորուստներ, Նահապետյանը պատասխանեց. «Հանրությունը պետք է հասկանա, որ սա պատերազմ է, իսկ պատերազմի ժամանակ լինում են նաև մարդկային կորուստներ»: