Քաղաքական Հասարակություն 

Չենք կարող մեղադրել քաղաքական գործիչներին չանելու համար այն, ինչ ի սկզբանե ունակ չեն անել

«Անալիտիկ» կենտրոնի հիմնադիր Անի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մարդը հոգնում է.. Դա բնական վիճակ է: Մարդը չի կարող տասնյակ տարիներ զբաղվել քաղաքականությամբ՝ առանց մշտական կրթության վիճակի մեջ գտնվելու, ինչո՞ւ..

1. 21-րդ դարում աշխարհը փոխվում է շատ արագ, նոր տեխնոլոգիաներ, նոր մոտեցումներ, նոր մարտահրավերներ և այս ամենը տեղի է ունենում ամեն օր: Մարդը պետք է զբաղվի գոնե ինքնակրթությամբ, որ այս ամենից մի քիչ տեղյակ լինի:

2. Քաղաքականության մեջ միշտ նոր մտածելակերպի, նոր գաղափարների, նոր մտքի սով կա, իսկ 20 տարուց ավել քաղաքականությամբ զբաղվող մարդը շատ դժվարությամբ կարող է նոր մտքեր գեներացնել, առավել ևս, որ կաղապարված մտածելակերպ ունի:


3. Աշխարհի գիգանտները մտահոգված են բացառապես իրենց պետությունների շահերի մասին մտածելով, իսկ փոքր երկրների քաղաքական գործիչների խնդիրն է այնպես անել, որ իրենց փոքր երկրի շահերը համընկնեն հնարավորինս շատ թվով երկրների շահերի հետ: Դա պահանջում է տքնաջան աշխատանք, ուղեղի լարում, նորից մտքեր, վերլուծական միտք, ճկունություն, ճիշտ ներկայացնելու ունակություն, բանակցություններ վարելու հմտություն, ինչպես նաև գոնե թե երկու օտար լեզվի ազատ տիրապետելու կարողություն, որպեսզի հնարավորություն ունենան անձամբ ծանոթանալ շատ փաստաթղթերի, այլ ոչ թե անվերապահորեն հավատան թարգմանված տեքստերին:


4. Փոքր և առավել ևս աղքատ երկրում քաղաքականությամբ զբաղվող մարդկանց միակ ամբիցիան պետք է լինի պետության կայացման հարցում ավանդ ունենալը, պատմության էջերում հայտնվելը: Նրանք պետք է հաճույք ստանան ոչ թե կապիտալի կուտակումից, այլ որևէ ոլորտ կայունացնելուց, իրական աճ ապահովելուց, իրենց արած աշխատանքի արդյունքը տեսնելուց, որից հետո, վստահաբար կարող եմ ասել, որ շատ ավելի արդար և հեշտ կկարողանան կապիտալ կուտակել: Սակայն սրա համար էլ է մտավոր կարողություններ պետք, որպեսզի նախ և առաջ հասկանան ասվածի իմաստը:

Քաղաքական մտքի, պահվածքի սերնդափոխություն է մեզ պետք: Ի վերջո, չենք կարող մեղադրել քաղաքական գործիչներին մի բան չանելու մեջ այն դեպքում, երբ նրանք ի սկզբանե ունակ չեն դա անել, ուղղակի պետք է ժպիտով ճանապարհենք նրանց հանգստի: Թող ոչինչ չվերադարձնեն, ուղղակի հեռանան այն մարդիկ, ովքեր ի վիճակի չեն քաղաքականությամբ զբաղվել, իրենց հեռանալն արդեն իսկ ձեռքբերում է:

Նույն շարքից