Հայաստան Քաղաքական 

Այսպես շարունակել չի կարելի. Լևոն Զուրաբյան

Իշխանությունը պետք է դադարեցնի իշխանությունից կառչել՝ նույնիսկ ինքնապաշտպանության բնազդի տեսակետից, նման պրակտիկան սպառել է իրեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով, հանրությունն ամենայն սրությամբ ընկալել է պետական ինստիտուտների ներկա վիճակի անհամարժեքությունն անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին:

«Այսպես շարունակել չի կարելի: Մեր հայրենիքի, զինվորների, բնակչության անվտանգության ապահովման համար պետք է արմատապես վերանայել ՀՀ պետական համակարգը: Պետք է իսպառ վերացնել պետական լծակների օգտագործումն անձնական հարստացման նպատակով, վերացնել մենաշնորհները, թալանը, կոռուպցիան»,- ընդգծել է Զուրաբյանը:

Նրա խոսքով, ժողովուրդը չի կարող հավատալ պետական իշխանությանը, որի ընտրությունն ինքը չի կատարել: «Ծանր վիճակից դուրս գալու համար միակ ելքը փոխհամաձայնեցված, կառավարելի անցումն է դեպի ժողովրդավարություն, ազատ, արդար ընտրություններով ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը: Միայն այս դեպքում Հայաստանը նորից կդառնա իր բոլոր քաղաքացիների երկիրը: Առաջին քայլը պետք է  դառնա Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության, ընդդիմության ու քաղաքացիական հասարակության կոնսենսուսը: Դրան պետք է հետևի նույն ձևաչափով համագործակցություն այլ ուղղություններով»,- ասել  է նա:

Նույն շարքից