Բիզնես Հասարակություն Տնտեսություն 

«Բիբար» ու  «Այնթափ» ռեստորաններում թուրք խոհարարներ չեն աշխատում

analitik.am

Երեկ ԶԼՄ-ներից մեկը գրել էր այն մասին, թե երևանյան որոշ ռեստորանների սեփականատերեր նախընտրում են իրենց ռեստորաններում տեսնել ազգությամբ թուրք խոհարարների, և որպես օրինակ նշվել էին «Բիբար» ու  «Այնթափ» ռեստորանները, ինչպես նաև «Այնթափ-սյուիտը», որը փախլավաներ է պատրաստում:

Ընդ որում, նշվում էր, որ վերոնշյալ ռեստորանները պատկանում են  սիրիահայ Էդդի Թոփրակչյանին:

Թե որքանով է ինֆորմացիան համապատասխանում իրականությանը Analitik.am-ը փորձեց ճշտել հենց նշված ռեստորաններից:

Մեզ հետ զրույցում «Այնթափ» ռեստորանի մենեջեր Լենա Նիկողոսյանը, ով տնօրեն Էդգար Թոփրակչյանի կինն է, նախ նշեց, որ իրենք Հայաստանում իրենց գործունեությունը ծավալում են 2009 թվականից՝ հավելելով, որդ դա ընտանեկան բիզնես է. «Ռեստորանների տնօրենը և սեփականատերը  սիրիահայ եղբայրներ են: Ես նույնպես սիրիահայ եմ, մեծացել եմ Կիպրոսում, սակայն հայ եմ ու շատ եմ սիրում իմ հայրենիքը:  Ինչ վերաբերում է մեր  խոհարարներին,  ապա «Այնթափ» ռեստորանի խոհրարարն իմ սկեսուրն է՝ Էդգարի մայրիկը, իսկ երկրորդ խոհարարը՝ Ջեմալը, համշենահայ է: Նա հայ կին ունի, տուն է գնել այստեղ և արդեն վաղուց ապրում է Հայաստանում: Պետք է ասեմ, որ նա Հայաստանը շատ է սիրում (տիկին Լենան մեզ լուսանկարներ ցույց տվեց, թե ինչպես է Ջեմալը մյուսների հետ Հայոց Ցեղասպանության թեմայով շապիկներով աշխատել նախորդ օրերին՝ բացառությամբ ապրիլի 24-ի, քանի որ այդ օրը ռեստորանները և «Այնթափ-սյուիտը»-ը չեն աշխատել): «Այնթափ-սյուիտը»-ի խոհարարի անունն Արթուր է, նա հայ է: Իսկ «Բիբար»-ում խոհարարն ազգությամբ քուրդ է, եկել է պրակտիկայի համար ու պետք է գնա»:

Մեր այն հարցին, թե հնարավոր է, որ Ջեմալի՝  Թուրքիայի քաղաքացի լինելն է մոլորության մեջ գցել նյութը հրապարակողներին, տիկին Լենան ասաց, որ իրենց որևէ մեկը չի զանգահարել ինֆորմացիան ճշտելու համար և իրենք չեն կարողանում հասկանալ, թե ում է պետք այս աղմուկը. «Մեզ մոտ ամեն ինչ թարմ է, երկրորդ օրվա որևէ ուտելիք, թխվածքեղեն չեք գտնի: Մեր հաճախորդները սիրում են ոչ միայն մեր ուտելիքները, այլ նաև մեզ: Երևի մեզ նախանձում են»:

Տիկին Լենան նաև նշեց, որ Թոփրակչյան եղբայրները բիզնես ունեն Քուվեյթում, սակայն նախընտրում են ապրել Հայաստանում, քանի որ շատ են սիրում իրենց հայրենիքը:

Մեր զրուցակիցներից Արան, ով ներկայացավ որպես խորհրդատու, նշեց, որ վատ է, երբ չճտված ինֆորմացիա է հրապարակվում, վատ է նաև այն, որ շեշտադրում է կատարվում ազգության վրա, քանի որ դա շովինիզմ է, իսկ այս դեպքում առհասարակ աղմուկը զուր է, որովհետև ազգությամբ թուրք խոհարարներ նշված ռեստորաններում չկան:

Վերջում մեր զրուցակիցները նշեցին, որ «Այնթափ» ռեստորանի խոհարարը (տիկին Լենայի սկեսուրը) 7 անգամ հաղթող է ճանաչվել դոլմա պատրաստելու մրցույթներում և իրենց մոտ մեծ թվով սիրիահայեր են աշխատում:

13084280_538975702930498_549651116_n

Նույն շարքից