Ռուսաստանի կոմունիստական կուսակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հղած ուղերձում առաջարկել են վերականգնել Լուրդեսում ռադիոորսիչների կենտրոնի աշխատանքը և ռուսական հրթիռային համակարգեր տեղակայել Կուբայում Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամների պաշտպանության համար։
Նրանց խոսքով՝ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ ԱՄՆ-ը մայիսին մտադիր է HIMARS տիպի հրթիռային սարքավորումներ տեղակայել Թուրքիայի հարավ-արևելքում։
«Պետք է նշել, որ այդ զինատեսակի տակտիկատեխնիկական բնութագրիչները թույլ են տալիս նաև օգտագործել մինչեւ 500 կմ շառավղով հրթիռներ։ Այդպիսով՝ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի դաշնակիցների, առաջին հերթին՝ Հայաստանի համար սպառնալիք է ստեղծվում»,- ասված է հայտարարության մեջ։
Պատգամավորները կարծում են, որ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ում նրա դաշնակիցների շահերի պաշտպանության համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի գործողություններին ի պատասխան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: