Հասարակություն 

Ռուսական մամուլը՝ Գյումրու ողբերգության մասին

Գյումրիում հունվարի 12-ին կատարված ոճրագործությանն այս օրերի բազմիցս անդրադարձել են նաև ռուսական լրատվամիջոցները: Նրանց թվում են՝ Коммерсант պարբերականը, Vesti.ru-ն, Kavkaz – uzel-ը, «Ազատություն» ռադիոկայանի  ռուսական ծառայությունը և այլն:


Коммерсант-ն, օրինակ, գրում է՝  Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինվորը պնդում է, որ հանցագործությունը կանխամտածված չի եղել: :ՌԴ  պաշտպանության նախարարությունը մտադիր է խստորեն պատժել ռազմաբազայի հրամանատարությանը, որտեղ ծառայել է զինծառայողը՝ ընդհուպ մինչև նրա հրամանատարներին քրեական պատասխանատվության ենթարկել:


Vesti.ru-ն Գյումրու ողբերգությունը ներկայացրել է «Վալերի Պերմյակով. գերազանց ծառայող, ով սպանել է վեց հոգու» վերնագրով հոդվածում: Կայքը նշում է, թե գյումրեցիները կատարվածի տարբեր պատճառներ են շրջանառում: Ոմանք նշում են, որ Ավետիսյանների ընտանիքի հետ Պերմյակովը վաղուց ծանոթ է եղել, անգամ հաճախակի այցելել է նրանց` տաքսիով: Շատերն էլ համոզված են, որ հակառակը` նա անգամ ծանոթ չի եղել Ավետիսյաններին:


Պերմյակովն ընտանիքի վեցերորդ` կրտսեր զավակն է: Ծնողները որդու արարքին մեկնաբանություն տալ դժվարանում են, պատճառները նրանց համար անհասկանալի են: Նրանք նշում են, որ որդին ծառայության մեկնել է ուրախությամբ և երբեք չի դժգոհել, ավելին` հրամանատարության կողմից մշտապես բարձր է գնահատվել:

Ըստ Kavkaz – uzel-ի՝ Պերմյակովը ռազմաբազայից իր փախուստը մեկնաբանել է ծառայել չցանկանալով: «Ցուցմունք տալիս Պերմյակովը խոստովանեց, որ սպանությունը չէր պլանավորել, ծրագրված է եղել միայն փախուստը: Նա չէր ցանկանում ծառայել, իսկ մարդկանց սպանել է վախից, որ իրեն կհանձնեն հրամանատրությանը»,- նշվում է հոդվածում:


«Ազատություն» ռադիոկայանի ռուսական  ծառայությունը հաղորդում է, որ նախկինում ևս Գյումրիում մի քանի ողբերգական դեպքեր են եղել: 2013-ի գարնանը ռուսական հրասայլային զորավարժարանում ականի պայթյունը երկու երեխայի կյանք խլեց: 1999 թվականին էլ  երկու ռուս զինվորական կրակ բացեցին Գյումրու շուկայում` սպանելով երկու հոգու և վիրավորելով 9 – 14 հոգու: Այս անգամ մեղավորները երկարատև պատիժ ստացան:

 

Նույն շարքից