Ապրիլի 25-ին Մոնտեվիդեոյում ուրուգյվայցի պատգամավոր Դենիել Ռեդիոն իր երկրի իշխանություններին կոչ է արել ճաանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակին, հայտնել է Prensa Armenia –ը:
Դենիել Ռեդիոն ԼՂՀ –ն ճանաչելու կոչ է արել Ուրուգվային, քանի որ «կան որոշ հանգամանքներ, որոնք թույլ են տալիս մեր երկրին անել այս քայլը: Սա ուտոպիա չէ . ժամանակն է, որ Ուրուգվայը լրջորեն մտածի այս հնարավորության մասին ու հույս ունեմ, որ նա կընտրի այս ճանապարհը»:
«Ես կցանկանայի, որ հիսուն տարի հետո մեր թոռները հպարտությամբ իմանային այն մասին, որ Ուրուգվայը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչած առաջին պետությունն է եղել»,- ասել է Ռեդիոն:
Ուրուգվայի «Հայ դատի» հանձնախմբի ու Ներկայացուցիչների պալատի կազմակերպած միջոցառման ժամանակ հայկական կազմակերպությանն են փոխանցվել Nº 13 326 Օրենքի (աշխարհում առաջին օրենքը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը) հաստատման գործընթացին վերաբերող փաստաթղթերը:
Ուրուգվայի «Հայ դատի» հանձնախումբը նաեւ կարևորել է պատգամավոր Դենիել Ռեդիոյի ավանդը հիշատակի միջոցառումների անցկացման գործում:
«Այս Ապրիլի 24-ը մյուսներին նման չէր: Այս Ապրիլ 24-ը արյունով էր շաղախված: Այսօր մենք չենք կարող ու չպետք է հիշենք միայն 1 .500 000 մարտիրոսներին՝ առանց հարգելու այն տասնյակ երիտասարդների հիշատակը, որոնք իրենց կյանքն են տվել Ադրբեջանի դաժան ագրեսիայից Լեռնային Ղարաբաղի սահմանները պաշտպանելիս »,-ասել է Սարգիս Փանոսյանը Ուրուգվայի «Հայ դատի» հանձնախմբի անունից: