Այսօր Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ քաղաքապետարանն ուսումնասիրում է զոհված զինվորների ընտանիքների սոցիալական վիճակը, որպեսզի աջակցի նրանց: Քաղաքապետի խոսքով՝ բնակարանի կարիք ունեցող զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որոնք վարձով են բնակվում՝ կտրամադրվեն բնակարաններ:
Տարոն Մարգարյանը ֆինանսական վարչությանն էլ հանձնարարել է այլ ծրագրերի հաշվին միջոցներ գտնել, որպեսզի հերոսների ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրեն: Տարոն Մարգարյանի խոսքերով, ամենայն հավանականությամբ, կկրճատվեն մշակութային միջոցառումները, որոնց գումարները կուղղվեն այս ընտանիքներին:
Կրթության վարչությանը հանձնարարվել է պարզել, թե առաջնագծում զոհված որ հերոսը որ դպրոցում է սովորել, որպեսզի այդ դպրոցներում բացվեն անկյուններ նրանց մասին պատմող նյութերով, որպեսզի, ըստ Տարոն Մարգարյանի, ով սովորի այդ դպրոցում՝ ճանաչի ու իմանա, թե ինչ հերոսներ ունենք մեր օրերում: Քաղաքապետը նաև խոստացավ՝ ինչ սոցիալական ծրագիր, որ քաղաքապետարանն իրականացնի, զոհված զինծառայողների ընտանիքներին կընդգրկի և նրանց մշտապես ուշադրության կենտրոնում կպահի: