Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ քննարկվեցին 17 հարցեր: Սա այն բացառիկ նիստերից էր, որ բոլոր հարցերն անցան միաձայն: Նիստից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց` «Եթե այսպես միասնական լինենք, շատ հարցեր հաջողությամբ կլուծվեն»: Ո’չ «Բարև Երևանի» ավագանու անդամները, ո’չ էլ ԲՀԿ ավագանին դեմ չէին բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոս Սիսակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը տեղադրել Նալբանդյան փողոցի թիվ 47 հասցեում, ոչ էլ դեմ էին, որ նկարիչներին ազատեն իրենց զբաղեցրած արվեստանոցների համար նախատեսված գույքահարկից, որը կազմում է 1 միլիոն 939.500 դրամով:
Ավագանին միաձայն կողմ քվեարկեց նաև «Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիային» անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին որոշմանը, Երեւանի բնակիչ Վանիկ Ստեփանյանին համայնքի սեփականություն համարվող Նուբարաշենի խճուղում թիվ 5/2 շենքում բնակարանը անհատույց իրավունքով բնակարանը տրամադրելու մասին որոշմանն ու ծառայողական ավտոկայանատեղեր կազմակերպելու իրավունք տալու եւ մի շարք այլ որոշումներին: Մինչ նիստը սկսելը Տարոն Մարգարյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել ապրիլի 4-օրյա պատերազմի զոհերի հիշատակը: Ավագանու հաջորդ նիստը կլինի մայիսի 25-ին ժամը 11-ին: