Հայաստան Առողջապահություն 

Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիների առողջական վիճակը կայուն է. Առողջապահության նախարարություն

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող  ավտոբուսի պայթյունից տուժած 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է, երկուսն է գիտակցության մեջ են:  Ինչպես արդեն  տեղեկացրել ենք տղաներին կատարվել է վերքերի մշակում, օտար մարմիննների հեռացում,  ինչպես նաև այլ  գործողություններ: Նման  խորը վերքերի դեպքում  առկա է առաջնային ինֆեկցիայի ներթափանցման վտանգ: Բուժօգնությունն այս փուլում ուղղված է վարակների  կանխարգելմանը:

Այսօրվա տվյալներով` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տարբեր  բաժանմունքներում  բուժում է  ստանում  պայթյունից տուժած 3 քաղաքացի, որոնց վիճակը բժիշկները  գնահատում են լավ:  Նրանցից մեկը`  14-ամյա աղջիկը, պատրաստվում է դուրս գրման:

Բժշկական հաստատությունից երեկ դուրս է գրվել նաև  62-ամյա կինը, ով  պատահարից ժամեր անց էր տեղափոխվել հիվանդանոց:

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում բուժումը  շարունակում է վթարից տուժած 37-ամյա հղի կինը:  Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար: Նա ունի սալջարդեր, արյունազեղումներ, որոնք երկրորդային են, այս պահին առաջնային է հղիության պահպանումը: Պտուղը չի տուժել, սակայն հետագա հետսթրեսային բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է մշտական հսկողություն: Պարբերաբար կազմակերպվում են նաև նեղ մասնագիտական` ակնաբույժի, նյարդաբանի խորհրդատվություններ: Ներկա դրությամբ կնոջ և  պտղի կյանքին  վտանգ չի սպառնում:

Տուժածների առողջական վիճակի հսկողությունը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անմիջական ուշադրության կենտրոնում է:

Հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Նույն շարքից