Երեկ՝ ապրիլի 26-ին, Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ դատական նիստ ըստ հայցվորներ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի ընդդեմ Հայկ Հակոբյանի և Արա Զոհրաբյանի։
Մի հետաքրքիր փաստ արձանագրենք դատական նիստից։ Երբ Երվանդ Վարոսյանին դատարանը հարցրել է արդյո՞ք ունի ներկայացոցիչ։ Որին ի պատասխան Երվանդ Վարոսյանը հայտնել է, որ «եթե հետաձգեք նիստը, հարգելի դատարան, կորոշեմ դիմեմ հանրային պաշտպան թե՞ փաստաբան վարձեմ․․․ ֆինանսականի հետա կապված»: Արդյո՞ք Երվանդ Վարոսյանը այդ կարգի ծայրահեղ ծանր դրության մեջ է, որ չի կարողացել փաստաբան վարձել, կամ արդյո՞ք որևէ փաստաբան ընկեր չի համաձայնել նրան անվճար օգնել։ Դա մեկ-երկու ենթադրությունների տեղիք է տալիս։ Սակայն քանի որ մեր խմբագրությունը ցանկանում է խուսափել ենթադրություններ անելուց, այս պահին մենք զերծ կմնանք դրանցից և կխոսենք զուտ փաստերով։
Դատական նիստին ներկա չէին գտնվել երրորդ անձ հանդիսացող Աննա Ավագյանը և Անի Հովհաննիսյանը։ Այս հիմքով նիստը հետաձգվեց մինչև ս․ թ․ սեպտեմբերի 1-ը ժամը 14։30։
Սա դատական նիստի հակիրճ ներկայացումը։ Այժմ խոսենք թե Հայկ Հակոբյանը հայցի պատասխանում ի՞նչ է ներկայացրել (կատարված են մեջբերումներ հայցադիմումի պատասխանից)։
Քաղաքացիական գործը, որտեղ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը (հետայսու պայմանականորեն երկու հայցվորներին, զուտ թվաբանական իմաստով Հ. Հակոբյանը նշում է, որպես՝ Զույգ), հայց են ներկայացրել Հայկ Հակոբյանի դեմ։
Հայկ Հակոբյանը դատարանին ներկայացված հայցի պատասխանում ամբողջությամբ առարկել է ներկայացված հայցի դեմ և դատարանից խնդրել է այն մերժել հետևյալ պատճառաբանություններով։
1․ Զույգը հավանաբար քաղաքացիական դատավարության իրավունքի գծով բավարար գիտելիքներ չունենալու պատճառով, սկզբից ներկայացրել է թերություններով հայցադիմում, որը վերադարձվել է դատարանի կողմից և ժամանակ է տրվել շտկել թերությունները։ Զույգը շտկել է դատարանի կողմից մատանանշված թերությունները և հայցը կրկին մուտք արել դատարան։
Զույգը հայց է ներկայացրել ֆիզիկական անձ Հայկ Հակոբյանի դեմ սակայն իր հայցադիմումի նկարագրական մասում որպես պատասխանող նշել է ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ ու նշել է ՀՀ փաստաբանների պալատի հասցեն՝ ք․ Երևան Զաքիյան 2։ Թե ինչո՞ւ է Զույգը այդ քայլին գնացել թերևս ակնկալում ենք նաև այդ հարցի պատասխանը դատական նիստերի ընթացքում։
2․ Զույգի հայցադիմումից պարզ է դառնում որ նրանք ակնհայտորեն խառնել են վիրավորանք և զրպարտանք հասկացությունները։ Այս առումով նշվում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածի համաձայն վիրավորանքը դրսևորվում է պատիվը արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտության միջոցով, իսկ զրպարտությունը դրսևորվում է անձի վերաբերյալ փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելու միջոցով։ Զույգը չի տարանջատել թե հատկապես, հոդվածի ո՞ր հատվածն է վիրավորանք պարունակում, իսկ ո՞ր հատվածը զրպարտություն։
3. analitik.am լրատվական կայքում 14.10.2015թ. հրապարակվել է «Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը իրենց են վերագրել ուրիշի հաղթանակը. Հայկ Հակոբյան» հոդվածը: Հայկ Հակոբյանը նշել է, որ այդ հոդվածում բերված խոսքերն իրենն են:
Զույգը մեջ է բերել հետևյալ Հայկ Հակոբյանի հետևյալ մտքերը`
- Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը ոչ միայն իրենց էին վերագրել այդ հաղթանակը, այլ նաև վատաբանել էին Լիանա Գրիգորյանին.
- Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը, Լուսինեի ամուսնու ընտանիքի news.am կայքը դարձրել են ընտանեկան մեկնաբանությունների դաշտ, քանի որ խմբագիրը Արմենիկա Կիվիրյանն է՝ Արգիշտի Կիվիրյանի քույրը։ Ինչպես գիտենք, Արգիշտի Կիվիրյանը Լուսինեի ամուսինն է։
Առաջին միտքն ամբողջական եղել է հետևյալ կերպ`
- Եթե ընդհանուր նայենք, ապա խոսքը 2015թ. ամռանը լույս տեսած մի հոդվածին է վերաբերվում, որն առնչվում էր հանրային պաշտպան Լիանա Գրիգորյանին, ում կազմած վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանը արդարացրել էր քաղաքացուն, իսկ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը ոչ միայն իրենց էին վերագրել այդ հաղթանակը, այլ նաև վատաբանել էին Լիանա Գրիգորյանին։ Այո, ես օգնել եմ Լիանա Գրիգորյանին, որպեսզի իր խոսքը հասցնի հանրությանը, քանի որ իրականում նրա բողոքն էր բավարարվել։ Բայց դա չէ էականը, այդ հաղթանակը թող մնա Լուսինե Սահակյանին և Երվանդ Վարոսյանին, ինչո՞ւ են վատաբանում հանրային պաշտպան Լիանա Գրիգորյանին։
Հայկ Հակոբյանը գտել է, որ դա իր գնահատողական կարծիքն է, որը հիմնված է կոնկրետ փաստերի վրա: Հանրային պաշտպան Լիանա Գրիգորյանի վերաքննիչ բողոքն էր վերաքննիչ դատարանը բավարարել, իսկ Երվանդ Վարոսյանը սոցիալական խմբում վատաբանել էր նրան նշելով`
– Թամարա ջան, առաջին ատյանում հանրային պաշտպան է մասնակցել… գնահատական չտամ.
– Սյուզաննա ջան, ասել է այն, որ պաշտպանյալիս հետ քննարկում եմ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Փաստաբանների պալատ դիմելու խնդիրը:
Երկրորդ միտքը նույնպես գնահատողական կարծիք է պարունակում, որի հիմքում դրված են արժանահավատ փաստեր`
Այսպես`
– Լուսինե Սահակյանի ամուսինը Արգիշտի Կիվիրյանն է.
– Արգիշտի Կիվիրյանի քույրը Արմենիկա Կիվիրյանն է.
– Արմենիկա Կիվիրյանը հանդիսանում է Նյուզ ԷՅ ԷՄ ՍՊԸ-ի հիմնադիրը.
– Նյուզ ԷՅ ԷՄ ՍՊԸ-ն հանդիսանում է news.am դոմեյնի սեփականատերը.
– news.am-ը մշտապես կողմնակալ հրապարակումներ էր կատարում հօգուտ Երվանդ Վարոսյանի և Լուսինե Սահակյանի:
Նշված փաստերը հաստատելու համար Հայկ Հակոբյանը դատարանին է ներկայացրել պետական ռեգիստրի կայքի, www.abcdomain.am կայքի, ինչպես նաև news.am կայքի քաղվածքները:
Հայկ Հակոբյանը գտել է, որ Զույգը չի ներկայացրել, թե հատկապես, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այն, որ Արգիշտի Կիվիրյանը Լուսինե Սահակյանի ամուսինն է, թե Արմենակի Կիվիրյանը Արգիշտի Կիվիրյանի քույրն է: Թե իր գնահատողական կարծիքն է, որ news.am կայքը դարձրել են ընտանեկան մեկնաբանությունների դաշտ:
Լուսանկարը Երվանդ Վարոսյանի Ֆեյսբուքյան էջից։
Աղբյուրը՝ ԴԻՏԱԿԵՏ: