ԱԺ-ում այսօր ԸՕ նախագծի վերջնական տարբերակի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ այն, ինչ կասի, դա «Ազատություն» կուսակցության կարծիքն է, ու այն քննարկել են նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ:
Ըստ նրա՝ եթե բաներ ասի, որ ասվել է նախկինում, ներողություն կխնդրեմ. «Սուտը մնում է սուտ, եթե ստերից մեկը հիմնավորում եք, դա չի նշանակում է, որ այն դադարում է սուտ լինելուց: Դուք մտածում եք մի նախագիծ, որ հարյուր տոկոսով կանտրոլ անեք»:
Նա խոսեց Գյումրիում ու Վանաձորում, ըստ նոր ԸՕ-ի, նախատեսվող ՏԻՄ ընտրություններից, որտեղ Երևանի նման կանցկացվեն ավագանու ընտրություններ. «Փոխանակ Երևանը գնաք շտկեք, հիմա էլ փորձում եք Գյումրին ու Վանաձորում ամեն ինչ իրար խառնել: Կոռուպցիան միանգամից եռապատկում եք հանրապետությունով մեկ: Վրե՞ժ եք լուծում այս երկու քաղաքներից, որ վերջին համապետական ընտրություններին դեմ են քվեարկել ձեզ: Այո, վրեժ եք լուծում»:
Հրանտ Բագրատյանն ընդգծեց՝ այսպիսի ԸՕ-ի իրենք կատեգորիկ դեմ են. «Միայն դեմ լինելով հնարավոր կլինի սրա դեմն առնել: Այս ԸՕ-ով դուք նաեւ մտնում եք մեր դաշտը, որոշեք՝ ընդդիմությունից ով անցնի, ոնց անցնի, նույնիսկ՝ կուսակցության միջից ով անցնի: Ոչ մի տրամաբանության չենթարկվող փաստարկներ եք բերում՝ պուճուր բանը դարձնելով մեծը, մեծը՝ պուճուր. տեղը, ոտը, գլուխը խառնել եք իրար: Սա այն դեպքն է, երբ միահամուռ կանգնենք դեմ, ինչպես երեկ եղավ «Հրազդան ցեմենտ»-ի պարագայում, կստանանք այն, ինչ ուզում ենք»:
«Շնորհակալություն, պարոն Բագրատյան, ինչպես միշտ կոլորիտային ելույթի համար»,- արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հաջորդ ելույթ ունեցող ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, արձագանքելով Հրանտ Բագրատյանին, հայտարարեց. «Գյումրիի ու Վանաձորի մասին խոսում են մարդիկ, որոնք իրենց պաշտոնավարման ժամանակ որեւէ բան չեն արել այդ քաղաքների համար: Դրա համար էլ երեւի լքեց դահլիճը: Ձեզ չի հաջողվի ունենալ երեւանյան պառլամենտ»:
Նա անդրադարձավ ՀԱԿ նախաձեռնությանը. «4+4 չգիտեմ՝ էլ ինչքան պլյուս ուզում է լինել… Այն տապալվեց, քանի որ իրենք իրենց ամբիցիաների մասին էին միայն մտածում: Դա ընդամենը ձեւ էր, դրա համար էլ հիմա չեն մասնակցում այս քննարկումներին»: