Քաղաքական Միջազգային 

The Washington Post-ը ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի մասին

The Washington Post  -ի լրագրող Դեվիդ Իգնատիուսը, ով այցելել էր Արցախ, վերոնշյալ պարբերականում հրապարակված իր  հոդվածում  գրում է. «Այդ մեկուսացած հայկական պետության գերագույն հրամանատարը երկուշաբթի օրը տված իր հարցազրույցում կանխատեսել էր, որ փխրուն հաշտությունը կարող է փլուզվել: Այդ նույն օրվա վերջին ադրբեջանական կողմի կրակոցների արդյունքում զոհվել էր երկու հայ զինվոր այն դեպքում, երբ երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ»:

Ըստ Դեվիդի, Ռուսաստանը չեզոք դիրք է զբաղեցնում այս կոնֆլիկտում.«Մոսկվան պնդում է, թե ուզում է հասնել երկարատև խաղաղության համաձայնագրի կնքմանը, սակայն միևնույն ժամանակ զինում է երկու կողմերին: ԱՄՆ-ն նույնպես փորձում է կանխել լայնածավալ պատերազմը, սակայն նա դիվանագիտական այդքան ազդեցություն չունի»: Ըստ լրագրողի, սոցիալական ցանցերում տեղ գտած բուռն ռեակցիայից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանցիներին թույլ էին տվել հարձակվել, հայերն իրենց մեկուսացած են զգում և համակերպվում են այն մտքի հետ, որ տարածաշրջանում խաղաղության հիմնական քարոզիչը կարծես թե հավերժական պատերազմի է տանում ամեն ինչ:

«Ես այցելել եմ Արցախ մի քանի այլ արտասահմանցի լրագրողների և Եվրախորհրդարանի անդամների հետ՝ ՀՀ կառավարության կողմից կազմակերպված այցի շրջանակներում: Այդ ինքնահռչակ պետության պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայտարարեց, որ իր ուժերը չէին սպասում ադրբեջանական կողմից նման լայնածավալ հարձակման՝ խոսքը վերաբերում է ապրիլի 2-ի հարձակմանը: Սակայն, նրա իսկ խոսքերով, նախազգուշացնող ազդակներ եղել են՝ օգոստոսից սկսած սպանվել է 21 հայ զինվոր և վիրավորվել 113 հայ զինվոր: Ադրբեջանն էլ զինում էր իր բանակին ռուսական տանկերով, իսրայելական դրոններով և թուրքական հրթիռներով»,- ասվում է հոդվածում:

Դեվիդն իր հոդվածը եզրափակում է այսպես. «Արցախի բնակիչ հայերի հետ զրույցներում ես հասկացա, որ այստեղ էլ են մարդիկ տրամադրված պատերազմի այնպես, ինչպես Ադրբեջանում է: Ինչպես հայտարարեց նախկինում խաղաղության կողմնակից Կարեն Օհանջանյանը՝ վերջին ամսին մեր ազգը կորցրել է իլյուզիաները»:

Լուսանկարը՝ Cont.ws

Նույն շարքից