Թևան Պողոսյանն այսօր ԱԺ-ում հարց ուղղեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ մասնավորապես նշելով, որ այս ընթացքում տեսանելի դարձան բոլոր այն բաց օղակները, որոնք շտկման կարիք ունեն: «Թերացումներ կան ոչ միայն ռազմական, այլ նաև այլ ոլորտներում, խնդրում եմ տեղեկացնել գրավոր կամ բանավոր հանձնարարականներ տվե՞լ եք պետական այլ ինստիտուտներում՝ ոչ ռազմական, ստուգումներ կատարելու և փոփոխություններ անելու հետ կապված»:
Հնչեց հստակ հարց, որին ի պատասխան Հովիկ Աբրահամյանն ասաց. «Այս բարձր ամբիոնից ուզում եմ հայտարարել ևս մեկ անգամ, այս ապրիլյան քառօրյա պատերազմը շատ շատ հարցեր ի հայտ հանեց, մենք քննադատելու, քննադատելու շատ խնդիրներ ունենք, ոչ միայն կառավարությանը, այլ ԱԺ-ին, կուսակցություններին, քաղաքացիական հասարակությանը: Կառավարությունը նայում է դեպի ապագային, նայում է առաջ՝ չմոռանալով անցյալը, փորձում է քայլել ժամանակին զուգընթաց: Մենք պետք է լինենք շատ զգոն, շատ ուշադիր»:
Վարչապետը խոսեց նաև կառավարության և ԱԺ պատգամավորների տարբերությունների մասին, ասաց, որ համապարփակ հայտարարությամբ է կառավարությունը հանդես գալու և բոլորին կներկայացնեն, թե ինչ քայլեր են անելու:
Ի պատասխան Թևան Պողոսյանն ասաց, որ ոչ ոք իր լավ իշխանությանը կամ ընդդիմությանը չի բերելու տա մեզ.«Ունենք այն, ինչ ունենք, ե՞րբ սպասենք այդ փաթեթին և արդյոք այդ փաթեթի հետ կապված բյուջեի մեջ փոփոխություններ նախատեսվում են, ե՞րբ պատրաստ լինենք այդ գործողություններին»:
Վարչապետն իր պատասխանումա սաց, որ չգիտի արդյոք այս դահլիճում կհասցնեն քննարկել այդ հարցը, թե ոչ. «Երբ մենք կունենանք այդ փաթեթը, այդ ժամանակ կիմանանք բյուջեի փոփոխության հարց կառաջանա, թե չէ»:
Վարչապետը նաև խոսեց Սփյուռքի, Հայաստանի, Արցախի միասնականության մասին: Կոչ արեց, որ առանց մամուլի հավաքվեն, քննարկեն. «Փաստորեն, բան չի մնացել Ազգային ժողովի ընտրություններին, անհրաժեշտություն կա հավաքվել և քննարկել բոլոր հարցերը»: