Հայաստան Քաղաքական 

Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալի հետ կապված նյութեր են նախապատրաստվում. Արփինե Հովհաննիսյան

Այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ընթերցեց Կառավարությանն ուղղված իր գրավոր հարցադրումը՝ կապված ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի պանամայական բիզնեսների մասին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հրապարակումների հետ:

Զուրաբյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ուսումնասիրվել են Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հրապարակումներում տեղ գտած փաստաթղթերը և հանգել եզրակացությունների:

«...Հետևողականորեն բարձրացնում ենք այս հարցերը, որովհետև կոռուպցիզն անմիջական վտանգ է ներկայացնում մեր ազգային անվտանգությանը, ռազմաճակատում կռվող մեր զինվորներին, այլապես իշխանությունները չեն կարող ապավինել ժողովրդի անձնուրաց նվիրմանը հայրենիքի պաշտպանության գործին, ինչպես նաև չի շտկվի բանակի թերֆինանսավորման խնդիրը»,- իր հարցը հիմնավորեց Զուրաբյանը:

Ի պատասխան Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ  այս պահի դրությամբ քննություն է ընթանում և նախապատրաստվում են նյութեր Միհրան Պողոսյանի հետ կապված:

 

«Կառավարությունն իր իրավասության շրջանակներում համապատասխան միջոցառումներ ձեռնարկում է: Պարզապես կարեւոր է հասցեականությունը` թե որ պետական մարմնից ինչ պետք է ակնկալել: Կառավարությունը մի քանի կարևոր քայլեր է իրականացրել և հետևողական կլինի՝ իր իրավասությունների շրջանակներում»,- ասաց Հովհաննիսյանը:

 

Հիշեցնենք, որ համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների:

Նույն շարքից