Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում, այսօր՝ հունվարի 14-ին, տեղի ունեցավ հունվարի 12-ին իրենց տանը դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների հոգեհանգստի արարողությունը:
Սուրբ Նշան եկեղեցու թե ներսը, թե դուրսը, բազմամարդ էր, մարդկանց հոսքը չէր դադարում: Տեղում հերթապահություն էին իրականացնում ոստիկանության հատուկ ստորաբաժանումների աշխատակիցները:
Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներից ներկա էր միայն Արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը: Հայաստանի ԱԺ նախագահը ներկա է լինելու հուղարկավորության արարողությանը, որը կկայանա վաղը՝ հունվարի 15-ին:
Ծաղկեպսակներ կային կառավարության և նախագահի անունից:
Ժամը 18-ին մատուցվել է սգո պատարագ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից: