Հայաստան Քաղաքական 

Փորձ է արվում հայկական կողմին պարտադրել Դեհիթոնյան համաձայնագրի նոր տարբերակը. Սերգեյ Շաքարյանց

Այսօր՝ ապրիլի 27-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ապրիլյան դեպքերից հետո նոր շեշտադրում նկատվո՞ւմ է արդյոք հայաստանյան իշխանությունների հայտարարություններում, քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն ասաց.

«Նոր շեշտադրում նկատում եմ, և դա սկսվել է հենց նախագահ Սերժ Սարգսյանից, ով գերմանական ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում հայտարարեց, թե հայկական կողմը երբեք էլ դեմ չի եղել խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Սա զարմանալի է, քանի որ հակամարտության գոտում նման ուժերի հայտնվելուն հայկական կողմը 1993 թվականից միշտ էլ դեմ է եղել: Ասվածը հատկապես վերաբերում է Լեռնային Ղարաբաղի դիրքորոշմանը, քանի որ Արցախի իշխանությունները և զինվորականները ոչ մեկ անգամ են հայտարարել, որ կտրականապես դեմ են դրան»:

Քաղաքագետը նաև նշեց, որ Հանրապետական կուսակցության վարքին հետևելով տպավորություն է ստացվում, որ նրանք դեմ չեն լինի խաղաղապահ ուժերի տեղակայմանը, եթե միջազգային հանրությունը ճնշում գործադրի: Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ դիվանագիտություն պետք է վարի Հայաստանը՝ Շաքարյանցն ասաց, որ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեջև պետք է ռազմական փոխօգնության մասին պայմանագիր ստորագրվի, որը պատրաստվել է դեռ 2007 թվականին.

«Այդ փաստաթուղթը պետք է դեռ երեկ ստորագրված լիներ, ուշացնում ենք: Բացի դրանից, բանակցությունները պետք է բաժանել երկու մասի, մի մասը պետք է տարվի Հայաստան-Ադրբեջան ճակատով, մի մասը՝ Ղարաբաղ-Ադրբեջան»:

Փորձագետը նաև խոսեց Հայաստանի Հանրապետության կողմից Արցախը ճանաչելու մասին՝ նշելով, որ դա պետք է արվեր դեռ 1992 թվականին. «Այդ ժամանակ սակայն Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունեց ուրիշների խաղը և չճանաչեց»:

Այն հարցին, թե Հայաստանի իշխանությունները որքանով իրավունք ունեն խոսել Լեռնային Ղարաբաղի տարածքները հանձնելու մասին, Շաքարյանցն ասաց, որ նման իրավունք ՀՀ-ն չունի.

«Ես պնդել եմ ու պնդում եմ, որ փորձ է արվում հայկական կողմին պարտադրել Դեհիթոնյան համաձայնագրի նոր տարբերակը: Դեհիթոնը սերբ ազգի ցեղասպանության փաստաթուղթն է, որի ստորագրումից հետո Սերբիայի ազգային հերոսներին հանձնեցին Հաագայի տրիբունալին, մոտ մեկ միլիոն մարդ սպանվեց, մեծ թվով սերբեր էլ գաղթեցին և այլն: Նույնը փորձում են անել նաև հայերի հետ և դա անում են ամերիկացիները, իսկ շահող դուրս են գալու թուրքերը»:

Հարցին, թե ինչու է դա արվում, Շաքարյանցն ասաց, որ Ադրբեջանը տարբեր ուժերի համար պլացդարմ է Իրանի դեմ.

«Գաղտնի չէ, որ Իրանը պառակտելու և 10 նոր պետություն ստեղծելու ծրագիր կա և ամեն ինչ արվում է դրա համար: Այսինքն ղարաբաղյան հակամարտության հարցը պետք չէ դիտարկել առանձին, այն մեծ ծրագրի մի մասն է»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ Իրանն ու Ռուսաստանը փորձում են պառակտման ծրագիրը գցել Թուրքիայի տարածք, ինչը նորմալ է, քանի որ այդ պետությունները պետք է պաշտպանվեն:

Նույն շարքից