ՀՀ Վարչական դատարում քննվող՝ Շանթ Ոսկերչյանն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի գործով դատական նիստի ժամանակ այսօր՝ ապրիլի 27-ին, ԱԱԾ ներկայացուցիչը գրավոր փաստաթուղթ է ներկայացրել, որի համապատասխան Շանթ Ոսկերչյանի տվյալները ապրիլի 25-ից հանվել են ՀՀ տարածքում անցանկալի օտարերկրացիների տվյալների բանկից:
Ինպես տեղեկանում ենք «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի տարածած հաղորդագրությունից, ֆրանսահայ ազգային-քաղաքական գործիչ, «Հայկական վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Շանթ Ոսկերչյանը, որի մուտքը ՀՀ արգելված էր 2015 թ. մայիսից, արդեն կարող է այցելել Հայրենիք եւ մասնակցել նրա հասարակական-քաղաքական կյանքին:
Շանթ Ոսկերչյանը, դատարանում նրա իրավունքներն ու շահերը ներկայացնող Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի, «Հայկական վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպության, ինչպես նաեւ Հայրենիքում եւ արտերկրում գործող քաղաքական ու քաղաքացիական ուժերի եւ անհատների ջանքերով բռնապետական ռեժիմն ի դեմն ԱԱԾ-ի ստիպված եղավ նահանջել եւ ընդունել արտերկաբնակ հայի՝ Հայրենիքում լինելու ու նրա կյանքին մասնակցելու իրավունքը:
ՀՀ ԱԱԾ-ի դեմ Շանթ Ոսկերչյանի հայցի մյուս երկու պահանջներով (ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ տարածքում անցանկալի օտարերկրացիների տվյալների բանկում Շանթ Ոսկերչյանի տվյալների ներառումը եւ անվավեր ճանաչել դրա դեմ վարչական բողոքի վերաբերյալ կայացված ակտը) դատական քննությունը կշարունակվի՝ հերթական նիստը տեղի կունենա հուլիսի 6-ին, ժամը 15:00-ին: