ԱԺ-ում այսօր Ընտրական օրենսգրքի նախագծի վերջնական տարբերակի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն իր ելույթում հայտարարեց, որ հատկապես իր շատ սիրելի ընդդիմադիրները այս նախագծի քննարկումները վերածեցին «մածունա-թանա-փրթոշային» քննարկումների. «Սա ասում եմ մի փոքր հումորով ու սրտի ցավով»:
Նա իր կողմից առաջարկեց ԸՕ նախագծի քննարկման մի նոր մոդել. «Ուրախ ու շնորհակալ կլինեմ, եթե ընդունվի: Ուզում եմ, որ հասարակության ու բոլոր քաղաքական ուժերի միասնական կողմ ձայներով ընդունված նախագիծ լինի ու չլինեն այն զավեշտն ո ւ շատախոսությունները, որ եղան 4+4+4 ձեւաչափի ժամանակ: Առաջարկում եմ ընդդիմության դաշտից լինի Լեւոն Զուրաբյանը, քաղաքացիական հասարակությունից թող իրենք ընտրեն ներկայացուցիչ, իսկ մեր դաշտից՝ Դավիթ Հարությունյանը: Երբ բազմության ներկայությամբ են լուրջ հացերը քննարկվում, դա անլրջանում է: Այս մոդելն առաջարկում եմ, բայց մի պայմանով, որ շատախոսություն ու բացբերանություն չլինի, որ քննարկումից հետո ԶԼՄ-ներին իրենց կյանքը չպատմեն, ինչպես եղավ 4+4+4 ձեւաչափի ժամանակ, երբ բաց, հրապարակային ում մտքով ինչ անցնում, խոսում էր: Իմ լավատեսությունը անսահմանն է, հույս ունեմ, որ այդպես էլ կլինի»:
Վերջում նա կոչ արեց չչարաշահել ժողովրդի անունն ու հենց ժողովրդին. «Թող որեւէ մեկը չմտածի, որ ինքն ավելի պուպուշ է, իսկ մյուսներն ավելի վատն են: Ոչ թե ժողովրդի աչքերին նայելն է կարեւոր, այլ նայելն այն ուղղությամբ, ինչ ուղղությամբ նայում է ժողովուրդը: Իսկ ժողովուրդն ուզում է նորմալ, արդար ընտրություն: ԸՕ այս նախագիծն այդ հնարավորությունը տալու է: Բոլորիս կոչ եմ անում՝ գնալ այդ ճանապարհով: Եկեք իրար խելք չսովորեցնենք»: