Հասարակություն 

Հայաստանի տարվա թռչուն է հայտարարվել ներկարարը

«Տարվա թռչուն» ամենամյա հասարակական քվեարկություն արդյունքում, հավաքելով 1037 ձայն, 2015 տարին խորհրդանշող թռչնատեսակ է ընտրվել ներկարարը (Coracias garrulus): Այս մասին տեղեկացնում են  Հայաստանի թռչունների պահպանման միությունից:


Ներկարարն իր կառուցվածքով շատ նման է ագռավազգիներին, սակայն տարբերվում է վառ երկնագույն գունավորմամբ, որի շնորհիվ նրան կարելի է նկատել անգամ մեծ հեռավորությունից: Ներկարարն իր չափերով աղավնու մեծության թռչուն է: Այս գունագեղ թռչնին բնության մեջ կարելի է ճանաչել շնորհիվ իր հզոր կտուցի, ուժեղ ոտքերի և մեծ թափահարողների: Մարմնի ընդհանուր երկարությունը` 30-32 սմ է, թևերի բացվածքը՝ 66-73 սմ, իսկ ընդհանուր զանգվածը կազմում է՝ 110-160 գ: Ներկարարն ունի բավականին վառ և գունագեղ փետրավորում, որում գերակշռում են երկնագույն և կանաչ գույները: Ունի սուր ճռացող ձայն: Լայնորեն տարածված է Եվրոպայում  և  ձմեռում է Աֆրիկայի հարավում:

 

Հայաստանում այս թռչնատեսակին կարելի է հանդիպել ապրիլի երկրորդ կեսից: Ներկարարը չի խուսափում մարդու ներկայությունից, սակայն ցուցաբերում է որոշակի զգուշավորություն: Այս թռչնատեսակը աչքի է ընկնում նաև իր գյուղատնտեսական նշանակությամբ, քանի որ ոչնչացնում է բզեզներին և այլ միջատներին, որոնք անտառների և գյուղատնտեսական տարածքների վնասատուներ են: Ներկարարը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, գնահատվում է որպես «խոցելի»: Պահպանվում է «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքով:


Ի տարբերություն նախորդ տարիների, «Տարվա Թռչուն» 2015 թեքնածու թռչունները հինգն էին` տնային բվիկը, գիշանգղը, սև կեռնեխը, ներկարարը և սև մանգաղաթևը: Լավագույն եռյակում հայտնվեցին՝ ներկարարը (1037 ձայն), գիշանգղը (337 ձայն) և տնային բվիկը (334 ձայն):

 

Հարցմանը մասնակցել են 2123 հոգի՝ ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից:

 

Հարցման մասնակիցներին հնարավորություն տրվեց քվեարկել առցանց` Հայաստանի Թռչունների պահպանման միության էլեկտրրոնային կայքում, իսկ համացանցի անհասանելության պատճառով որոշ մարզերում բաժանվեցին քվեաթերթեր:

 

«Տարվա թռչուն» նախաձեռնության նպատակն է սևեռել Հայաստանի բնակչության ուշադրությունը թռչունների եւ նրանց բնադրավայրերի պահպանման խնդիրներին: Ողջ տարվա ընթացքում անց են կացվելու հանդիպումներ դպրոցականների հետ, ներդպրոցական մրցույթներ, ինչպես նաեւ կտարածվեն տպագրանյութեր այս թռչնատեսակն առավել ճանաչելի դարձնելու նպատակով:

Նույն շարքից