ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կատարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ադրբեջանական զորքերի շփման գծում 2016 թվականի ապրիլի սկզբներին տեղի ունեցած ռազմական բախումների հետևանքով զոհված 64 զինծառայողների ընտանիքների սոցիալական կարիքների նախնական գնահատում:
Գնահատումը վերաբերել է ընտանիքի կազմին, ընտանիքի անդամների առողջական խնդիրներին, ուսման հետ կապված հարցերին, ինչպես նաև զբաղվածության առկա իրավիճակին և հնարավոր ու ցանկալի զարգացումներին: Միաժամանակ, ուսումնասիրվել են ընտանիքների կոմունալ-կենցաղային հարմարությունները և այլ տվյալներ:
Ստորև ներկայացվում է 64 զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական կարիքների ընդհանուր տեղեկատվությունը, առկա է նաև նրանցից յուրաքանչյուրի սոցիալական կարիքների գնահատման տեղեկանքը` ներառյալ առաջնահերթ համարված առաջարկություններով:
Ուսումնասիրված ընտանիքներից
1. Անչափահաս երեխա ունեցող ընտանիքներ
Մինչև 18 տարեկան երեխաներ ունեն 10 ընտանիքներ: Երեխաների թիվը կազմում է ընդամենը 17:
2. Ուսանող ունեցող ընտանիքներ
Զոհված 15 զինծառայողների ընտանիքներում կան ուսանողներ:
3. Զբաղվածություն և աշխատանքի կարիք
Զոհված զինծառայողների ընտանիքների այն անդամները, ովքեր զբաղված չեն ցանկություն են հայտնել աշխատել: Որոշ դեպքերի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման դեպքում ընտանիքը կզբաղվի գյուղատնտեսական գործունեությամբ:
4. Առողջական խնդիրներ ու բժշկական օգնության և սպասարկման կարիք
Զոհված զինծառայողների ընտանիքների որոշ անդամներ ունեն առողջական խնդիրներ, բժշկական հետազոտության կարիք, որոշները` վիրահատության կարիք, ինչպես նաև` հոգեբանական ծառայության:
5. Վարկային պարտավորություններ, կոմունալ վարձավճարների հետ կապված կարիքներ
Զոհված զինծառայողների ընտանիքների մի մասն ունեն նաև վարկային պարտավորություններ, իսկ որոշ ընտանիքներ` նաև կոմունալ վճարումների դիմաց:
6. Պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմում ծառայողի առկայություն
Զոհված 3 զինծառայողների եղբայրները պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներ են: