Դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկո) իր Facebook-ի էջում անդրադարձել է Գյումրու երեկվա դեպքերին։ Նա մասնավորապես գրել է .
«Այսօր մեկնեցի Գյումրի, որպեսզի իմ և ընկերներիս զորակցությունը հայտնեմ գյումրեցիներին, ինչպես նաև տեղում ծանոթանամ իրավիճակին:
Փառք Աստծուն, այսօր վիճակը հանգիստ էր:
Այո՛, երեկ գյումրեցիները ցույց տվեցին ամբողջ աշխարհին, որ Հայաստանի քաղաքացին կարող է պաշտպանել իր պետության շահերը և պատիվը, իսկ այսօրվա անդորրով ապացուցեցին, որ հայը երբեք չի գնա նացիոնալիստական ատելության ճանապարհով, ինչը արդեն փորձում էին մեր վրա կախել որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ: Հպարտ եմ ձեզանով գյումրեցիներ: Ուզում եմ իմանաք, որ բոլորս ձեզ հետ միասին լուռ սպասում ենք հանցագործին հայկական կողմին հանձնելուն: Բայց ուզում եմ նաև զգուշացնել, որ լուռ չի նշանակում հնազանդ:
Յուրաքանչյուր պահի այս լռությունը կվերածվի մեծ աղաղակի, եթե մեր եղբայրներին և քույրերին սպանողը չստանա մեր պետության կողմից հաստատված պատիժը:
Հ.Գ. Մեր պետության ղեկավարներին կխնդրեի կողմնորոշվեին` իրենք այս պետության քաղաքացի՞ են, թե՞ ուղղակի տուրիստ»: