«Ապրիլի 28-ին «Սլավմեդ» կլինիկայում մահացած 37-ամյա ծննդկանի մոտ աղիների անանցանելիություն է ախտորոշվել, ինչպես նաև օրգանիզմում բորբոքային գործընթաց, սակայն մահվան իրական պատճառների և բժշկական հնարավոր սխալի մասին խոսելն առայժմ վաղ է»,- այս մասին լրագրողներին հայտնել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
Նրա խոսքով, կնոջը հիվանդանոց են հասցրել ապրիլի 24-ին, նրա մոտ առաջին բողոքներն ու անհանգստացնող ախտանիշները հայտնվել են ծննդաբերությունից 26 ժամ անց: Մասնագետները գնահատել են նրա վիճակը և բուժում են նշանակել: Մեկ օր անց վիրահատություն է կատարվել արդեն տարածված բորբոքումը և աղիների անանցանելիությունը բուժելու համար, սակայն նրա օրգանիզմում տեղի ունեցած փոփոխություններն արդեն կյանքի հետ անհամատեղելի էին: Ծննդաբերությունից հետո երրորդ օրը նա մահացել է:
«Անհրաժեշտ է ավելի խորությամբ ուսումնասիրել այս դեպքը, որպեսզի հետագայում նման դեպքեր այյլևս չլինեն», - հավելել է փոխնախարարը:
Սերգեյ Խաչատրյանը նշել է, որ հղիության ընթացքում կինը ոչ մի բողոք կամ հիվանդություն չի ունեցել, սակայն, քանի որ 37 տարեկան էր և դա նրա առաջին հղիությունն էր, այն վարում էին որպես բարձր ռիսկով հղիություն:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Երևանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում, ծննդկան էր մահացել, ով 37 տարեկան էր, առաջնեկի ծնվելուց հետո նրա առողջական վիճակը վատացել էր, որոշ ժամանակ անց նա մահացել է: