Քաղաքականություն 

Պերմյակովն իր մեղքը չի՞ ընդունել

analitik.am

Ավարտվեց Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ամբաստանյալ Վալերի Պերմյակովի հարցաքննությունների հրապարակումը դատարանում:

Ամբաստանյալը, որը մինչ այդ հրաժարվում էր ցուցմունք տալ դատարանում, իր մեղքը չի ընդունել: Սակայն ճշգրտող հարցերին հակիրճ պատասխանել է «չգիտեմ», «չեմ հիշում», «չեմ ուզում», «այո», ոչ», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Իր դատապաշտպանի այն հարցին՝ արդյոք նա ցուցմունքները ճնշման տակ է տվել, նա առաջվա պես բացասական պատասխան է տվել:

Ընդ որում նա հայտնել է, որ «Օդնոկլասնիկի» սոցցանցում գրառումներն ինքն է արել: Հիշեցնենք, որ հենց սոցցանցի գրառման հետ է կապված հանցագործության «սատանայական հետքի» վարկածը:

Վալերի Պերմյակովը նորից հայտնել է, որ Ավետիսյաններին ինքն է սպանել, սակայն առաջվա պես հրաժարվել է պատասխանել այն հարցին՝ արդյոք ինքը մենակ է եղել ու արդյոք իր վրա ճնշում է գործադրվել:

Դատապաշտպան Միհրան Պողոսյանի այն հարցին, թե ինչ կմտածեր ամբաստանյալը մեկի մասին, որը յոթ մարդու է սպանել, Վալերի Պերմյակովը պատասխանել է, որ նման մարդուն խելագար կհամարեր: «Բայց ես այդպիսին չեմ», հավելել է նա:

Հիշեցնենք, որ Վալերի Պերմյակովը հրաժարվել էր ցուցմունք տալ դատարանում, այդ իսկ պատճառով դատական մի քանի նիստերի ընթացքում հրապարակվել են հայ ու ռուս քննիչների հարցաքննությունները:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ 2015-ի հունվարի 12-ին Գյումրիի ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել է Ավետիսյանների ընտանիքի տուն ու սպանել տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին ու փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին: Հետո նա դանակով հինգ հարված է հասցրել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանին: Յոթ օր անց երեխան մահացել է հիվանդանոցում:

Նույն շարքից