Հայաստան Քաղաքականություն 

Հրազդանի ընտրություններում արձանագրված լավը պետք է վերցնել և փորձել տարածել ամբողջ Հայաստանով մեկ

analitik.am

Այսօր՝ ապրիլի 29-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, խոսելով նոր ստեղծված և ստեղծվող կուսակցությունների մասին, առանձնացրեց Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը», Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը» և Վարդան Օսկանյանի կուսակցությունը.

«Այս 4 կուսակցությունները պետք է կարողանան իրենց հայտերը ներկայացնել, իսկ առայժմ մենք դրանց մասին խոսում ենք անձերի մակարդակով»:

Խոսելով այդ ուժերի գործելաոճի մասին՝ պարոն Պողոսյանը նշեց, որ օրինակ «Քաղաքացիական պայմանագիրը» փորձում է նոր ոճով խնդիրներին լուծում տալ, «Լուսավոր Հայաստանը» թարմություն մտցրեց մեսիջների մասով, Տիգրան Ուրիխանյանի ծրագրերի մասին կարելի է ենթադրություններ անել վերջինիս ելույթներից, իսկ ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, ապա նա դեռ նոր-նոր է սկսել խոսել.

«Հուսով եմ՝ այդ ուժերը շուտով կներկայացնեն նաև իրենց ծրագրերը, ինչից հետո միայն կկարողանանք ամբողջական խոսել նրանց մասին: Իսկ մինչ այդ ինչ-որ շոշափելի բան ասելը բարդ է, քանի որ բոլորն են խոսում կոռուպցիան վերացնելու, հզոր բանակ ունենալու, միջազգային ասպարեզում Հայաստանի կշիռը բարձրացնելու մասին, սակայն պետք է այդ ուժերը մեխանիզմներ առաջարկեն»:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե քաղաքացիները ինչպես պետք է կողմորոշվեն այսքան ընդդիմադիրների մեջ և մեղք չեն արդյոք մարդիկ՝ Պողոսյանն ասաց՝ սա այն է, ինչ մենք ունենք.

«Պետք է մի բան հասկանալ՝ որևէ մեկն իր լավը մեզ չի տալու և մեր վատը մեր ձեռքից չի վերցնելու: Եթե մենք չենք ցանկանում այսքան ընդդիմություն ունենալ, լավագույն գնահատականը կարող ենք տալ ընտրությունների ժամանակ: Այսինքն, եթե ընտրությունների ժամանակ այդ կուսակցությունները, մեղմ ասած, հաջողության չհասնեն, կարող են գոյություն ունենալ միայն թղթի վրա: Մենք այս հարցում զարգացման փուլում ենք գտնվում: Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում էլ միանգամից չեն երկու կուսակցություններ մնացել»:

Պատգամավորը նաև խոսեց Հրազդանի քաղաքապետի ընտրությունների մասին՝ մասնավորապես հիշեցնելով «Քաղաքացիական պայմանագրի» հայտարարությունը, որ ոչ մի ստացած քվեի կորուստ չի եղել.

«Մարդիկ հասան այն բանին, ձևավորեցին այն թիմը, որի օգնութամբ կարողացան պահել իրենց ստացած քվեները: Այսինքն՝ ընտրությունների արդյունքները գողացված չեն: Սակայն սա դեռ չի նշանակում, որ խնդիր չկա, քանի որ մենք ունենք գումարով քվե գնելու հանգամանքը: Այստեղ պետք է հասկանալ հետևյալը՝ եթե գումար տվողը գումար վերցնող չգտնի, չի կարող հասնել իր նպատակին: Ամեն դեպքում Հրազդանի ընտրություններում արձանագրված լավը պետք է վերցնել և փորձել տարածել ամբողջ Հայաստանով մեկ»:

Նույն շարքից