Հայաստան Հասարակություն 

Եթե բանակում չծառայած անձը պետական պաշտոն չստանա՝ չի խուսափի բանակից. Արմեն Մարտիրոսյան

analitik.am

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիորսյանը կարծում է, որ եթե բանակում չծառայած անձը պետական պաշտոնի նշանակվելու իրավունք չունենա, այլևս չի խուսափի բանակում ծառայելուց:  NEWS.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը օրինակ է բերել Իսրայելը, որտեղ  պետական պաշտոնական անձ չի կարող լինել մեկը, որը չի ծառայել բանակում:

«Հայաստանում բանակում չծառայածն  ավելի լավ պաշտոններ ունի և մեդալներ և դա տեսնելով, մեր տղաներն էլ նույն կերպ են վարվում: Նմանատիպ մեխանիզմներ կիրառելով է պետք կանխել բանակից խուսափելու փորձերը, պետք է փոխել կառավարման համակարգը, քանի որ Հայաստանում կա համակարգային կոռուպցիա: Իսրայելում որեւէ պետական պաշտոնական անձ չի կարող լինել մեկը, որը չի ծառայել բանակում, դա պետք է խթան և զսպող մեխանիզմ լինի, որպեսզի քաղաքացիները չխուսափեն բանակից: Հայաստանում պաշտոնում նշանակվում է մի անձ, որը բանակում չի ծառայել, մի հատ էլ պաշտպանության նախարարից մեդալներ է ստանում, դրանց օրինակով էլ մեր պատանիներն են շարժվում»,- նշել է Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հակոբյանի և Թևան Պողոսյանի՝ «Զինապարտության մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին ներկայացրած նախագիծը, ըստ որի բանակում պետք է ծառայեն 18 տարին լրացած բոլոր տղաները, Հայաստանում կարող է չաշխատել, քանի որ կոռուպցիոն «ավանդույթները»,  որոնք այսօր կան մեր երկրում, կրկին շարունակվելու են` նույնիսկ այդ նախագծի ընդունումից հետո:

«Գաղափարն ընդունելի և հասկանալի է, բայց դրա պրակտիկ կիրառումը անհավանական: Ես նաև կողմ եմ, որ մենք ունենանք աշխարհազոր, այն համակարգը, որը գոյություն ունի Շվեյցարիայում, լինի նաև այստեղ: Երբ պարտադիր զինծառայությունից հետո տարին մեկ անգամ մեկ շաբաթով, մեկ ամսով գնանք զինավարժությունների և տիրապետենք նորացվող զինատեսակներին, մարտավարական կարողություններ ունենանք, այդ դեպքում ոչ միայն սահմանն անառիկ կլինի, այլև ամբողջ Հայաստանը: Պետք է ունենանք այնպիսի մեխանիզմ, որ չկասկածենք, թե կոռուպցիոն մոտեցումները կաշխատեն, վստահության մթնոլորտ է պետք ձևավորել, այնպիսի միջավայր, որի պարագայում ծառայությունից խուսափելը անհարմար կլինի»,- եզրափակել է իր խոսքը Ա. Մարտիրոսյանը:

Նույն շարքից